Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին պնդել է, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծված է:
«Ես պատերազմից հետո բազմիցս ասել եմ, և հիմա ուզում եմ կրկնել, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծված է: Ադրբեջանն այդ հարցը լուծեց ինքնուրույն՝ ինչպես ռազմի դաշտում, այնպես էլ բանակցությունների սեղանի շուրջ», – ասել է Ալիևը։
Նա հայտարարել է, թե Ադրբեջանի տարածքում Լեռնային Ղարաբաղի նման տարածքային միավոր գոյություն չունի․ «Հակամարտությունը լուծված է, և ես կարծում եմ, որ կարիք չկա վերադառնալ այս հարցին: Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի լուծվել, ապա դրանք նրա խնդիրներն են»։
Ալիևը ասել է, որ այս մոտեցումը ռիսկային է:
«Եթե հակամարտությունը չի լուծվում, ապա ինչպե՞ս պետք է լուծվի: Ստացվում է, որ նոյեմբերի 10-ի հայտարարությունը կորցրե՞լ է իր ուժը: Ես պարզապես չեմ կարող սա հասկանալ: Նոյեմբերի 10-ին փաստացի փաստաթուղթ է ստորագրվել հակամարտության կարգավորման վերաբերյալ: Սա հրադադարի փաստաթուղթ չէ։ Թող բացեն և տեսնեն, թե քանի հոդված կա այդ փաստաթղթում: Հրադադարի մասին կա միայն մեկ պարբերություն։ Եթե հակամարտությունը չի լուծվել, ապա ի՞նչ հաղորդակցության մասին կարող է խոսք լինել: Եթե հակամարտությունը չի լուծվել, ապա ինչու են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետները հանդիպում ունենում, նրանք ինչ-որ բանի շուրջ համաձայն են», – ասել է Ալիևը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։
Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։
Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։