Թուրքիայի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով դատապարտում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման վերաբերյալ։ Ըստ թուրք պատգամավորների՝ այդ հայտարարությունը անխուսափելիորեն կանդրադառնա թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Մենք խստորեն դատապարտում ենք Բայդենի հայտարարությունը 1915 թ. իրադարձությունների վերաբերյալ և մերժում ենք այդ «անհիմն զրպարտությունը», որը քաղաքական իմաստով «պատմություն կեղծելուց» բացի այլ իմաստ չունի: Միացյալ Նահանգների նախագահը չունի իրավական և բարոյական իրավունք՝ պատմական հարցերը դատելու համար», – ասվում է բանաձևում:
Բանաձևով նաև կոչ է արվում ԱՄՆ նախագահին վերանայել այդ «սխալ հայտարարությունը»։ Թուրք խորհրդարանականները նաև կոչ են արել Բայդենին «աջակցել տարածաշրջանի ժողովուրդների, հատկապես թուրքերի և հայերի կյանքը խաղաղության, կայունության և վստահության պայմաններում ապահովելու ջանքերին»:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղված ուղերձում ԱՄՆ նախագահների շարքում առաջին անգամ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Բայդենն իր ուղերձում օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը:
Նշենք, որ վերջին օրերին ակտիվացել էին խոսակցություններն այն մասին, որ Բայդենը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով ԱՄՆ նախագահի վարչակազմի իրենց աղբյուրները, նշում էին, որ Բայդենն անգամ այդ մտադրության մասին տեղյակ է պահել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: