Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան պատրաստ է բացել արխիվները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ Թուրքիան վրդովված է Բայդենի հայտարարություններից՝ կապված Հայոց ցեղասպանության ճանաչման հետ։

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Թուրքիան «անհարկի» է համարում Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է  Էրդողանը կառավարության նիստի ավարտին:

Ըստ նրա՝ «հայկական և հակաթուրքական շրջանակների արմատական ​​նախաձեռնությունները հանգեցրին այն բանին», որ Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Էրդողանը հիշեցրել է նաև, որ Թուրքիայի առաջարկը՝ ստեղծել պատմաբանների միացյալ հանձնաժողով, որը կուսումնասիրի մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունները, դեռ ուժի մեջ է, բայց այս նախաձեռնությանը արձագանք չկա:

«Մենք պատրաստ ենք բացել արխիվները: Մենք ունենք փաստաթղթեր 1915-ի մասին: Եկեք ուսումնասիրեք»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղված ուղերձում ԱՄՆ նախագահների շարքում առաջին անգամ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Բայդենն իր ուղերձում օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը:

Նշենք, որ վերջին օրերին ակտիվացել էին խոսակցություններն այն մասին, որ Բայդենը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով ԱՄՆ նախագահի վարչակազմի իրենց աղբյուրները, նշում էին, որ Բայդենն անգամ այդ մտադրության մասին տեղյակ է պահել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել