Թուրքիայում հորդորել են ամերիկացի զինծառայողներին արտաքսել Ինջիրլիք ռազմական ավիաբազայից ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունից հետո, որում նա ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը։ Նման առաջարկ է արել թուրքական կուսակցություններից մեկի նախագահ Դողու Փերինչեքը։
Այս ամսին հայտնում է «Լենտա» լրատվական կայքը։
«Թուրքական զինված ուժերը պետք է անհապաղ լիակատար վերահսկողություն հաստատեն Ինջիրլիք ավիաբազայի վրա և 15 օրվա ընթացքում արտաքսեն այնտեղ գտնվող ամերիկացի զինվորականներին», – հորդորել է քաղաքական գործիչը:
Ներկայումս Ադանա նահանգի համանուն քաղաքի մերձակայքում գտնվող Ինջիրլիք բազան օգտագործվում է ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ամերիկայի ռազմաօդային ուժերի կողմից և համարվում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի և ՆԱՏՕ-ի հրամանատարության արևելյան հենակետը։
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղված ուղերձում ԱՄՆ նախագահների շարքում առաջին անգամ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Բայդենն իր ուղերձում օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը:
Նշենք, որ վերջին օրերին ակտիվացել էին խոսակցություններն այն մասին, որ Բայդենը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով ԱՄՆ նախագահի վարչակազմի իրենց աղբյուրները, նշում էին, որ Բայդենն անգամ այդ մտադրության մասին տեղյակ է պահել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: