Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո Թուրքիայի ԱԳՆ-ն իր մոտ է կանչել Անկարայում ԱՄՆ դեսպանին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո Անկարայում ԱՄՆ դեսպանը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն, Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Բայդենի հայտարարությունը հիմնված է պոպուլիզմի վրա, Թուրքիան մերժում է այն:

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի 1915 թ. իրադարձությունների մասին հայտարարությունից հետո ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը կանչվել է մեր նախարարություն և ընդունվել փոխնախարար Սեդաթ Օնալի կողմից»,-նշվել է Թուրքիայի ԱԳ նախարարության կողմից։

Նշվում է ԱՄՆ դեսպանին ասվել է, որ Բայդենի հայտարարությունն անվավեր է միջազգային իրավունքի տեսակետից, խորապես վնասում է թուրք ժողովրդին և վնասում է Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները, որը դժվար կլինի վերականգնել:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղված ուղերձում ԱՄՆ նախագահների շարքում առաջին անգամ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Բայդենն իր ուղերձում օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը:

Նշենք, որ վերջին օրերին ակտիվացել էին խոսակցություններն այն մասին, որ Բայդենը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով ԱՄՆ նախագահի վարչակազմի իրենց աղբյուրները, նշում էին, որ Բայդենն անգամ այդ մտադրության մասին տեղյակ է պահել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել