Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ապրիլի 26-ին կայցելի Մոսկվա: Այցի նախօրեին վերջինս «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է, թե ինչ պայմաններում է հնարավոր Ադրբեջանի հետ հաշտության պայմանագիրը, ինչպես է Երևանը վերադարձնելու տարածքները Լեռնային Ղարաբաղում։
Խոսելով Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի մասին, Արմեն Գրիգորյանը նշել է․
«Խաղաղության համաձայնագրի մասին խոսելուց առաջ անհրաժեշտ է նշել մի պարզ փաստ. Ղարաբաղյան հակամարտությունը վերջնական լուծում չի ստացել: Այս հակամարտությունը չի կարող լուծվել բռնի ուժով կամ ուժի սպառնալիքով: 2020-ի սեպտեմբերին դիմելով ռազմական ագրեսիային՝ Ադրբեջանի ղեկավարությունը խախտեց հակամարտության խաղաղ կարգավորման հիմքում ընկած երեք հիմնական սկզբունքներից մեկ ՝ ուժի կամ ուժի սպառնալիքի բացառման սկզբունքը: Կան տարիների ընթացքում համաձայնեցված սկզբունքներ, որոնց վրա պետք է հիմնված լինի հակամարտության կարգավորումը: Այս խնդրի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները նույնպես համամիտ են մեզ հետ, իրենց վերջին համատեղ հայտարարությունում ընդգծվել է, որ հակամարտությունը պետք է լուծվի «կողմերին լավ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա»,-նշել է Գրիգորյանը:
ԱԽ քարտուղարի խոսքով՝ Ալիևը ոչ միայն հերքում է հակամարտության լուծում չստացած օբյեկտիվ փաստը, այլև անպայման փորձում է սրել երկու ժողովուրդների թշնամանքը:
«Օրինակ, երբ նա բացում է այսպես կոչված «ավարների պուրակը», զառանցական հայտարարություններ անում Զանգեզուրի մասին, ոչնչացնում Արցախի գրավյալ տարածքներում հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը, պղծում է ոչ միայն Առաջին ղարաբաղյան պատերազմի զինվորների գերեզմանները, այլ նաև Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձաններ, ապա ինչպե՞ս կարելի է մտածել խաղաղության պայմանագրի մասին: Երբ Ադրբեջանը ողջամիտ մոտեցում ցուցաբերի, ձեռնարկի բանական քայլեր և պատրաստ լինի կառուցողական երկխոսություն վարել, այդ ժամանակ հնարավոր կլինի մտածել խաղաղության համաձայնագրի մասին»,-նշել է նա։: