Թբիլիսիի Հավլաբար թաղամասում, մետրոյի կայարանի հարակից տարածքում տեղակայված «Վրաստանի բանկի» մասնաճյուղերից մեկում ներխուժել է անհայտ զինված անձ, ով պատանդ է վերցրել բանկի երկու աշխատակցի ու բանկի անվտանգության աշխատակցին: Տեղում իրավապահ մարմիններ են մոբիլիզացված:
Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»։
Զինված անձը դեռ ազատ է թողել մի տարեց կնոջ, այնուհետև բանկի այլ աշխատակիցներին: Այս պահին բանկից դուրս եկածների խոսքով, պատանդ է մնացել մեկ մարդ:
Իրավապահ մարմինները զինված անձին առաջարկել են բանակցություններ անցկացնել, ինչից վերջինս հրաժարվել է:
Նշենք, որ իրավիճակով պայմանավորված կաթվածահար է եղել երթևեկությունը Հավլաբարի գլխավոր փողոցում, ինչպես նաև չի աշխատում «Ավլաբարի» մետրոկայանը: