Ռազմագերիների տեղափոխման հարցը լուծված է և փակված: Ադրբեջանը բոլոր ռազմագերիներին հանձնել է Հայաստանին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գլխավոր քարտուղար Յուսեֆ Բեն Ահմեդ ալ-Ուսայմինի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:
«Մենք ցույց ենք տվել, թե որքան պատասխանատու ենք վերաբերվում այս խնդրին. ավելի քան 70 ռազմագերիներ ենք տեղափոխել Հայաստան», – նշեց արտգործնախարարը:
Ըստ նրա՝ անցյալ տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան՝ ռազմական գործողությունների ընթացքում գերեվարված բոլոր ռազմագերիները փոխանցվել են հայկական կողմին:
«Որպեսզի զինվորականները համարվեն ռազմագերիներ, նրանք պետք է պահվեն ռազմական գործողությունների ընթացքում: Նրանք, ովքեր ավելի ուշ ձերբակալվել են հակաահաբեկչական գործողության արդյունքում, կարող են կոչվել ահաբեկիչներ, բայց ոչ ռազմագերիներ», – հավելել է Բայրամովը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։
Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը (Քելբաջար) (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Ակնայի (Աղդամ) շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Բերձորի (Լաչին) շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Բերձորի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։
Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։