Դատական համակարգն այլևս չի կարող և չպետք է կառավարվի «рубильник»-ի միջոցով․ դատարանի նախագահ Արման Կուրեխյանը Վարչական դատարան է դիմել

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանը Վարչական դատարան է դիմել՝ Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 24-ի 83-Ո-188 որոշումը անվավեր ճանաչելու պահանջով։

Այս որոշման համաձայն՝ «հիմք ընդունելով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների թվի օբյեկտիվորեն առաջացած անբավարարությունը և դատարան ստացված առանձնակի բարդության գործերի առկայությունը, ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն իրականացնելու անհրաժեշտությունը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանի համաձայնությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 5-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով», Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է ընդունել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանին գործուղել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 2021 թվականի հունվարի 11-ից 2021 թվականի հուլիսի 12-ը ներառյալ:

Իրավաբան.net-ը կապ է հաստատել դատարանի նախագահ Արման Կուրեխյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց՝ «Դատական համակարգն այլևս չի կարող և չպետք է կառավարվի բռնակավոր անջատիչի (рубильник) միջոցով»։

Նա հաստատեց, որ դիմել է վարչական դատարան, քանի որ գտնում է՝ որոշումը կայացվել է ինչպես ԲԴԽ աշխատակարգով սահմանված ընթացակարգի, այնպես էլ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի դրույթների խախտմամբ, ինչպես նաև նույն խորհրդի նախկինում նմանատիպ որոշումների կայացման նախապայմանների բացակայության պայմաններում

«Ինձ համար տարօրինակ էր նաև այն, որ ԲԴԽ նախագահը համառորեն հրաժարվեց տրամադրել այդ որոշումն ընդունելու համար հիմք հանդիսացած տեղեկությունները, թեև դրանք վերաբերում են դատարանի բնականոն գործունեությանը, որի ապահովման պարտականությունը դրված է դատարանի նախագահի վրա:

Այդ ամենը, ինչպես նաև մի շարք այլ հանգամանքներ հիմք են տալիս ողջամտորեն ենթադրելու, թե այդ գործուղումը կարող է պայմանավորված է լինել ոչ միայն և ոչ այդքան դատարանի բնականոն գործունեությունն ապահովելու ցանկությամբ, այլ նեղ անձնական կամ խմբային շահերով: Հուսով եմ, որ վարչական դատարանում գործի քննության ընթացքում այդ հանգամանքները եթե ամբողջությամբ չբացահայտվեն, առնվազն կստանան որոշ պատասխաններ: Միաժամանակ պետք է նշեմ, որ արդեն իսկ ունենք դատարան դիմելու դրական արդյունքը՝ 26.03.2021թ. դատական իշխանության կայքում հրապարակվել է գործուղման հնարավորության մասին տեղեկացում, ինչպես որ նախատեսված է ԲԴԽ աշխատակարգով»,-ասաց Արման Կուրեխյանը։

Նշենք, որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածով, որին հղում է արված ԲԴԽ որոշման մեջ,  սահմանվում է դատավորների անփոփոխելիությունը։ Հոդվածի 5-րդ մասում ասվում է․

«Այն դեպքում, երբ որևէ դատարանի բնականոն գործունեությունը չի կարող ապահովվել դատավորների թվի օբյեկտիվորեն առաջացած անբավարարության հետևանքով, Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նույն ատյանի համապատասխան մասնագիտացման մեկ այլ դատավոր իր համաձայնությամբ կարող է մինչև մեկ տարի ժամկետով գործուղվել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Նշված ժամկետը կարող է երկարաձգվել միայն մինչև դատավորի վարույթում գտնվող գործի քննության ավարտը: Նույն դատավորը չի կարող կրկին գործուղվել նախորդ գործուղման ավարտից հետո` մեկ տարվա ընթացքում»:

Ավելի ուշ՝ 2021 թվականի հունվարի 21-ին ԲԴԽ-ն մեկ այլ՝ 2-Ո-4 որոշմամբ լրացում է կատարում նախորդ որոշման մեջ, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է․

1. Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 24-ի «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանին Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան գործուղելու մասին» թիվ ԲԴԽ-83-Ո-188 որոշման 1-ին կետում «դատարան» բառից հետո լրացնել «(նստավայրը՝ քաղաք Դիլիջան)» բառերը»:

Հարկ է նշել, որ օրենսգրքի 22-րդ հոդվածով էլ սահմանվում են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատական տարածքը և նստավայրերը։ Հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն ունի կենտրոնական և այլ նստավայրեր: Բարձրագույն դատական խորհուրդն ուսումնասիրում է համապատասխան դատարանի նախագահի առաջարկությունը և կայացնում է որոշում դատարանի նստավայրերը և նստավայրի սպասարկման տարածքը սահմանելու մասին»:

Այս հոդվածի մասին ԲԴԽ որոշման մեջ չի հիշատակվում։

Դատարանի նախագահի խոսքով՝ ներկայումս դատական իշխանության առջև ծառացած բազմաթիվ խնդիրներ կան, որոնք լուծում են պահանջում և իր կարծիքով՝ ինքնագովազդով զբաղվելու կամ իրենք իրենց դրական լույսի տակ ներկայացնելու փոխարեն, նվիրյալներն ուղղակի պետք է կատարեն իրենց աշխատանքը: 

«Կարծում եմ, որ անթույլատրելի էր ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից ԱԺ-ում այն հայտարարություններն անելը, որ նա իրեն թույլ տվեց 03.03.2021թ.՝ կապված հայտնի որակման հետ, որը չեմ էլ ուզում ավելորդ անգամ կրկնել, այդ առումով ԲԴԽ նախագահի արտահայտած որոշ մտքեր իրարամերժ էին, մեծամասամբ նաև՝ վիճահարույց: Մի բանում միայն կարող եմ հանաձայնել նրա հետª ջինը բաց է թողնված և դատական համակարգն այլևս չի կարող և չպետք է կառավարվի բռնակավոր անջատիչի /рубильник/ միջոցով»,-ասաց Արման Կուրեխյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել