Փոխգնդապետ, ՀՀ և ԼՂՀ «Արիության համար» մեդալակիր, հաշմանդամություն ունեցողների բազկամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանը հայտնում է․
«Սիրելի հայրենակիցներ, մեծ ցավով տեղեկացնում եմ, որ այսօր կյանքից հեռացել է մեծ հայ, մեծ զինվորական, հորս մարտական ընկեր Արկադի Տեր-Թադևոսյանը` Կոմանդոսը։
Կոմանդոսի ավանդը կգրվի հայոց պատմության ոսկե էջերին։
Ցավակցում եմ հարազատներին և մեզ բոլորիս` մեծ կորստի համար։
Խոնարհվում եմ…»։
Ձեզ ենք ներկայացնում նրա կենսագրությունը․
Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, ծնվել է 1939 թվականի մայիսի 22-ին Վրացական ԽՍՀ-ի մայրաքաղաք Թբիլիսիում։
Ավարտել է Բաքվի զինվորական ուսումնարանը, այնուհետև՝ Լենինգրադի տրանսպորտի և թիկունքի ռազմական ակադեմիան։
Զինվորական գործունեություն
Ա․Տեր-Թադևոսյանը Խորհրդային բանակի կազմում ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում։
1988 թվականից միացել է Արցախի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ 1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։ 1991 թվականին նշանակվել է ՀՀ պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ իրականացված ռազմագործողության շնորհիվ ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Հադրութի շրջանի Տող գյուղը։ 1992 թվականի մայիսին ակտիվ մասնակցություն է ունեցել Շուշի քաղաքի ազատագրման ռազմագործողության նախապատրաստման աշխատանքներին։
Պարգևատրվել է առաջին աստիճանի Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» շքանշանով։