COVID-19-ի դեպքերն աշխարհում 5-րդ շաբաթն անընդմեջ աճում են, վիրուսից մահացությունների աճը նույնպես մտահոգիչ է , հրավիրված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ ներկայացուցիչ Մարիա Վան Կերկհովեն։
«Այժմ մենք տեսնում ենք աճ ԱՀԿ հինգ շրջաններից չորսում: Աճը հինգերորդ շաբաթն անընդմեջ է գրանցվում ամբողջ աշխարհում: Վերջին շաբաթվա ընթացքում աճը կազմել է 8%», – ասել է նա:
Ըստ նրա, վերջին շաբաթվա ընթացքում միայն Եվրոպայում գրանցվել է վարակվածության աճ 12%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է բրիտանական B.1.1.7 շտամով: Հարավարևելյան Ասիայի տարածաշրջանում նոր դեպքերը աճել են 49%-ով, ինչը մասամբ պայմանավորված է Հնդկաստանում վարակվածության աճով: Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում աճը կազմել է 8%, մինչդեռ ԱՀԿ Արևմտյան Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանում աճը կազմել է 29%, հիմնականում Ֆիլիպինների և Պապուա Նոր Գվինեայի պատճառով:
«Ընդհանուր առմամբ, դեպքերի աճի միտում ենք տեսնում, և դա մեզ անհանգստացնում է», – նշում է փորձագետը:
Վան Կերկհովեն նշել է, որ իրավիճակը բարդանում է մի շարք երկրներում սահմանափակող միջոցառումները վերացնելու, պատվաստանյութերի անհավասար բաշխման և դեֆիցիտի պատճառով։ Միևնույն ժամանակ, ըստ նրա, վեց շաբաթվա ընթացքում ԱՀԿ-ն նշել է մահացության նվազում: Այնուամենայնիվ, վերջին շաբաթներին ամբողջ աշխարհում մահացության թվերը սկսեցին մեծանալ, ինչը շատ մտահոգիչ է: