«Իմ քայլը» խմբակցությունը չի ընտրի Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին՝ որպես ԲԴԽ նախագահի նկատմամբ բողոքի քայլ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը չի ընտրի Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին, որոնց թեկնածությունն առաջադրել է Բարձրագույն դատական խորհուրդը:

Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, ԱԺ նիստի ընթացքում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ նշելով, որ այդ քայլով իրենց բողոքը կարտահայտեն ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ:

««Իմ քայլը» խմբակցությունը խորին ակնածանք ունի ներկայացված թեկնածուների՝ պարոն Հայկյանցի և պաևոն Մկրտչյանի նկատմամաբ, և «Իմ քայլը» խմբացկությունը գնահատում է նաև անկախ, ազնիվ, արհեստավարժ դատավորներին և վստահ ենք, որ դատական համակարգում իրականացվելիք անհրաժեշտ բարեփոխումների և փոփոխություններին զուգընթաց և դրանցից հետո նրանք շարունակելու են ծառայել արդարադատությանը, պետությանն ու ժողովրդին։ Որպես ամփոփում պիտի նշեմ․ հաշվի առնելով պարոն Վարդազարյանի գործունեության վերաբերյալ մեր գնահատականը, ինչպես նաև այն, որ պարոն Վարդազարյանը բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորեց առաջնային մանդատով օժտված, լեգիտիմ Ազգային ժողովի նկատմամբ, «Իմ քայլը » խմբակցությունն այսօր չի ընտրելու թեկնածուներին և իր այս քայլով դիրքորոշում է հայտնելու ոչ թե թեկնածուների նկատմամբ, որոնց մեծագույն ակնածանքով ենք վերաբերում, այլ հենց պարոն Վարդազարյանի՝ որպես Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գործունեության և հայտարարությունների վերաբերյալ։

Մեր այս դիրքորոշումն ամրապնդվում է նաև մեկ այլ հանգամանքով․ հասել ենք այնտեղ, որ քրեական ենթամշակույթին առնչվող անձիք միջնորդավորված կապ են հաստատում ԱԺ պատգամավորների հետ՝ ի պաշտպանություն ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի։ Այ այստեղ ենք հասել, տիկնայք և պարոնայք»։

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները․ Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկ էր հայտնել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել