«Երբ որ հրապարակում կանգնած ժողովուրդը միասնական վանկարկում է «Նիկոլ վարչապետ», երբ որ միասնկան լույս են վառում, միասնական մասնակցում են միտինգի, խոսել՝ որ ՔՊ գրասենյակը կազմակերպել է իր համակիրների տեղափոխումը Ա կետից Բ կետ և դա անվանել վարչական ռեսուրսների օգտագործում, ներեցեք՝ անլուրջ է»,- այսօր՝ մարտի 2-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ-ում բոլոր տեսակի հարցումներով Քաղաքացիական պայմանագիրը և վարչապետ Նիկոլ Փաշինյանն ունեն տասնապատիկ ավելի շատ վարկանիշ, քան ընդդիմության բոլոր ներկայացուցիչները:
«Իշխանություն-բանակ հակամարտություն գոյություն չունի, որովհետև ելնելով այն բանից, որ Հայաստանի Հանրապետության գերակշիռ մասը սատարում է իշխող կուսակցությանը, բանակում ևս նույն պատկերը պետք է լինի ու կա, որովհետև բանակը արտացոլում է ՀՀ ժողովրդին: Ոչ մի խնդիր բանակի հետ չկա, կա խնդիր բանակի վերնախավի մեկ-երկու ներկայացուցիչների հետ»,-ասաց ԱԺ փոխնախագահը:
Նա նշեց, որ ԳՇ ներկայացուցիչների հայտարարությունն անօրինական էր, քանի որ բանակը քաղաքական գործընթանցերի մասնակից չի կարող լինել, օրենքը դա արգելում է:
Անդրադառնալով երեկվա Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Օնիկ Գասպարյանը կատարում է Սերժ Սարգսյանը հրամանները՝ Ալեն Սիմոնյանն ասաց՝ ավելի ճիշտ կլինի, որ մեկնաբանություն տան այդ խոսակցության գործող անձիք՝ Սերժ Սարգսյանը, Օնիկ Գասպարյանը, Նիկոլ Փաշինյանը․ «Ես ինձ զերծ կպահեմ, բայց վստահեցնում եմ ձեզ, նաև պատմությունն է դա ցույց տալիս, Նիկոլ Փաշինյանի որևիցե հայտարարություն չկա, որ իր տակ առնվազն մեկ-երկու փաստ չունենա»:
Նրա խոսքով՝ քաղաքական այս գործընթացի հանգուցալուծումը պետք է լինի ընտրությունների միջոցով․ «Այլ տարբերակ անհնար է և վստահ եմ, որ որոշակի քայլեր կձեռնարկվեն նաև այսօր և վաղը»,-ասաց Ալեն Սիմոնյանը: