Մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաք է հրավիրել Հանրապետության հրապարկում։
Իր ելույթը սկսելուց առաջ նա նախ խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել Արցախյան պատերզմի զոհերի ու 2008 թվականի Մարտի 1-ի զոհերի հիշատակը։ Մինչ այդ էլ հնչեց ՀՀ պետական օրհներգը։
«Գիտեք, որ մենք շատ դժվար ժամանակներով ենք անցնում և մտահոգվելու, անհանգստանալու պատճառներ ունենք, բայց ես ուզում եմ, որ մենք այսօր, այս հրապարակում, այս գարնան առաջին օրը իրար լիցքավորենք էներգիայով, դուխով, հաղթանակով, լավատեսությամբ»,-ասաց Փաշինյանը։
«Ես շատ եմ մտածել, թե որտեղ եմ սխալվել։ Այդպիսի կոնկրետ դեպքեր կարելի է թվարկել։ Բայց ավելի կարեւոր է, թե մենք ինչու ենք սխալվել, ինչու է սխալվել մեր քաղաքական թիմը։ Որքան էլ տարօրինակ թվա՝ մեր սխալների մեծագույն պատճառներից մեկը մեր՝ որպես իշխանություն սիրված լինելն է եղել»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ այնքան սիրված են եղել, որ, ձգտելով արդարացնել ժողովրդական այդ սերը և իրենց սերը՝ ժողովրդի ու հայրենիքի նկատմամբ, ցանկացել են ամեն ինչ անել ճշգրիտ և կատարյալ։
«Եվ կատարելության փնտրտուքը շատ դեպքերում բերել է անգործության։ Երբեմն իրադրության բերումով անխուսափելի է եղել ընտրությունը վատի և վատթարագույնի միջև, բայց մենք հրաժարվել ենք կատարել այդ ընտրությունը՝ մտածելով, որ ժողովուրդը մեզ իշխանության չի բերել, որ մենք իր առաջ դնենք վատը կամ վատթարագույնը»,-նշեց Փաշինյանը։
Ի վերջո պետք է խոստովանել, որ 2015-ին գրված և 2018-ին ուժի մեջ մտած Սահմանադրությունը ի ցույց դրեց բազմաթիվ թերություններ։ Հրապարակում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ այս տարվա հոկտեմբեր ամսին համաժողովրդական հանրաքվեով ընդունենք նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ։
«Ի վերջո՝ կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի։ Այս գործընթացը մենք պիտի իրականացնենք ԱԺ-ի, կառավարության, նախագահի, քաղաքական ուժերի և քաղաքացիական հանրության հետ սերտ համագործակցության պայմաններում։ Մինչ դա, կան հոդվածներ Սահմանադրության մեջ, որոնք փոփոխությունը չի ենթադրում հանրաքվե և դրանք կարելի է փոխել ԱԺ-ի քվեարկության միջոցով»,-նշել է նա։
Սերժ Սարգսյանը ԶՈՒ որոշ գեներալների շրջանում իր ազդեցությամբ փորձել է դրդել դուրս գալ պետության դեմ․ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ԳՇ հայտարարությունը այդ թվում 2008թ․ իշխող շրջանակների կողմից զինվորականների կողմից ազդեցություն ցուցադրելու արդյունք է։ Սա ոչ թե կռահում է, այլ կոնկրետ հիմնավորված հանգամանք։ Այդ թվում Սերժ Սարգսյանն է, ԶՈՒ որոշ գեներալների շրջանում իր ազդեցությունն օգտագործելով, նրանց փորձել դրդել դուրս գալ պետության ու ժողովրդի դեմ։ ԳՇ այդ հայտարարությունը բացարձակապես ապօրինի է։
ԳՇ հայտարարությունը անխուսափելի է դարձնում Օնիկ Գասպարյանի հեռացումը ԳՇ պետի պաշտոնից։
ԳՇ այն պետը, որը անում է քաղաքական հայտարարություն, ընդ որում այդ հայտարարությունն անում է Սերժ Սարգսյանի և նախորդ իշխանությունների՝ Հանրապետականների դրդմամբ, ովքեր ուզում են 2008թ․ նման ժողովրդական կամքը խեղդել տանկերի թրթուրների տակ, ՀՀ-ն ԳՇ նման պետ չի կարող ունենալ»,-ասաց նա։
«Դուք ինձ հասցրել եք վարչապետի կարգավիճակի և դուք, միայն դուք կարող եք ինձ հեռացնել այս կարգավիճակից»․ Հանրապետության հրապարակում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Եթե առաջին հերթին խորհրդարանական ուժերը կընդունեն մեր՝ դեռևս դեկտեմբերի վերջին ձևակերպված առաջարկը, այո, մենք կհամաձայնվենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որովհետև մենք համոզված ենք, որ ժողովուրդը նույնկերպ իր ազատ կամարտահայտմամբ ի վիճակի է Հայաստանում հաստատել օրինական իշխանություն։
Ես տալիս եմ երկրորդ հնարավորությունը, ես նետում եմ այդ մարտահրավերը, դե եկեք գնանք ժողովրդի առաջ ընտրության, տեսնենք՝ ո՞ւմ հրաժարականն է պահանջում ժողովուրդը», – ասաց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանն իր ելույթի ժամանակ հուզվեց։
«Կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցենք մենք և մեր երեխաները, որ ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում, կեցցե Արցախը, կեցցե հայությունը, կեցցե մեր բանակը, մեր հերոսական բանակը, մեր զինվորները, մեր հերոսական գեներալները, մեր հերոսական սպաները, և մեր զոհերը, նրանց հարազատները, նրանց մայրերը, նրանց հայրերը, նրանց կանայք և երեխաները։ Խոնհարհվում եմ բոլորիդ առաջ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ, և եթե կարող եք ներեցեք մեզ և մեր բոլոր-բոլոր սխալները»․-ասաց այսօր՝ մարտի 1-ին, Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Երթի ժամանակ պարբերաբար ծափողջույններ, սուլոցներ ու ողջույնի գոչյուններ էին հնչում։
Երթն ավարտվեց Մյասնիկյանի արձանի մոտ։ Փաշիանյանն ու իրենց ուղեկցող պաշտոնայները ծաղիկներ դրեցին Մյասնիկյանի արձանի մոտ։