ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ Հանրապետության նախագահին․ Նիկոլ Փաշինյան

Ես սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի: Այս մասին իր հայտարարության մեջ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սիրելի հայրենակիցներ.

Հանրապետության նախագահը որոշեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը առարկություններով ետ ուղարկել վարչապետի աշխատակազմ: Այս որոշումը ամենեւին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը:

Ես սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի:

Մնացածը՝ ինչպես նախօրեին պայմանավորվեցինք Հանրապետության հրապարակում»:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ նախագահ Արմեն Սարգսյանը հետ է վերադարձրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը՝ հետևյալ պատճառաբանությամբ․

«Հրամանագրի նախագիծն ուսումնասիրվել է Հանրապետության նախագահի աշխատակազմում, ամենայն մանրամասնությամբ քննարկվել է առաջատար իրավաբանների և անկախ փորձագետների հետ:

Իրավաբանների և փորձագետների տեսակետներն ամփոփելով՝ կարելի է եզրակացնել, որ հրամանագրի նախագիծն առերևույթ հակասում է Սահմանադրությանը:

Մեկ անգամ ևս շեշտում ենք, որ Հանրապետության նախագահը չի պաշտպանում որևէ քաղաքական ուժի և որոշումները կայացնում է՝ առաջնորդվելով բացառապես համապետական և համազգային շահերով:

Անվիճելի է, որ զինված ուժերը քաղաքական հարցերում պետք է պահպանեն չեզոքություն:

Ակնհայտ է նաև, որ պատերազմով պայմանավորված՝ զինված ուժերի անձնակազմն այսօր ավելի քան երբևէ բոլորիս աջակցության և ուշադրության կարիքն ունի: Բանակի և անձնակազմի խնդիրների լուծումն առաջնային է և չի կարող որևէ պարագայում անտեսվել:

Ստեղծված իրավիճակն աննախադեպ է, պահանջում է համակարգային և համապարփակ լուծումներ և չի կարող կարգավորվել կադրային հաճախակի փոփոխությունների միջոցով՝ առանց հաշվի առնելու երկրում առկա վիճակը:

Հիշեցնում ենք, որ հրամանագրի նախագիծը Հանրապետության նախագահին է ներկայացվել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և գլխավոր շտաբի ավելի քան չորս տասնյակ բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների հայտարարությունից հետո, ռազմական դրության իրավիճակում, քաղաքական ճգնաժամի և անվտանգային լուրջ մարտահրավերների առկայության պայմաններում:

Հանրապետության նախագահը, իր սահմանադրական լիազորությունների շրջանակում, առարկություններով վերադարձրել է հրամանագրի նախագիծը:

Հանրապետության նախագահը հետապնդում է մեկ նպատակ՝ երկիրը զերծ պահել սահմանադրական կարգին ու անվտանգությանը սպառնացող վտանգներից, ապահովել երկրի կայունությունը և զինված ուժերի բնականոն գործունեությունը»,-նշված է եղել հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել