«Եղնիկներում եմ ծառայելու, կռիվ է սկսվելու ու ես զոհվեմ». Ալբերտ Բախշյան

«Շատ հայրենասեր էր, ընկերները զորակոչվում էին բանակ, միշտ ասում էր՝ չի լինի՞ ես ավելի շուտ գնամ, դեռ 15-16 տարեկանից»,- պատմում է արցախյան պատերազմում զոհված Ալբերտ Բախշյանի հայրը՝ Արմեն Բախշյանը։

«Ալբերտս 2 անգամ աչքի վիրահատություն է տարել, շատ էր անհանգստացել, որ հնարավոր է դրա պատճառով իրեն բանակ չտանեն, նա բանակում ծառայելը համարում էր տղայի համար ամենակարևոր և առաջնային գործը»,-ասում է հայրը։

Ալբերտ Բախշյանը բանակ է զորակոչվել 2019 թվականի դեկտեմբերի 23-ին, ծառայել է Մատաղիսում, ապա տեղափոխվել է Թալիշի Կայծակներ կոչվող տեղամաս։

«Մեծ սիրով էր գնում ծառայության, մանկուց երազում էր ծառայել, անընդհատ ասում էր, որ պետք է գնա բանակ ծառայի։ Ասում էր՝ ընկնելու եմ Եղնիկներ, կռիվ է լինելու ու զոհվեմ, իր ասածը եղավ»,-պատմում է  եղբայրը՝ Սերգեյ Բախշյանը։

Ալբերտը ծանր վիրավորում է ստացել հոկտեմբերի 21-ին, 18 օր պայքարել է կյանքի համար։ «Ականն ընկել է անմիջապես իր վրա, ուշագնաց է եղել, երբ ուշքի է եկել, ասել է՝ տղերք ես մեռա, հետ եկա, ու հոսպիտալի ճանապարհին՝ դեպի Ստեփանակերտ, տղաները ուղեկցել են, անընդհատ հարցրել է՝ ձեզ հո բան չի եղել»,-ասում է հայրը։

Ալբերտ Բախշյանը ծնվել է 2001 թվականի օգոստոսի 20-ին, զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 8-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել