2012թ. փաստաբանների ակումբի նիստում ձևավորվեց հանձնախումբ՝ 5 անդամի կազմով (Արա Զոհրաբյան, Կարեն Մեժլումյան, Լուսինե Սահակյան, Գևորգ Գյոզալյան և Հայկ Ալումյան): 2012թ. հունիսին հանձնախումը կազմակերպեց և անցկացրեց բողոքի ակցիա, և շուրջ 600 փաստաբաններ մեկ օրով հրաժարվեցին դատական նիստերին մասնակցելուց: Փաստաբանների դժգոհությունը ծագել էր ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքները վերադարձնելիս չպատճառաբանելու գործելակերպից, ինչն իր մեջ կոռուպցիոն ռիսկեր էր պարունակում և բարձրագույն դատական ատյանին դարձնում էր անկանխատեսելի:
2012 թվականի սեպտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ դատաիրավական համակարգի ներկայացուցիչների (այդ թվում՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանի) մասնակցությամբ հրավիրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ վճռաբեկ դատարանի գործունեության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածության և ողջամիտ ժամկետում գործերի քննության խնդիրները:
Նախագահ Սերժ Սարգսյանն առանձնակի ուշադրություն է դարձրել նախորդ խորհրդակցությունների ընթացքում բարձրացված խնդիրների լուծման կապակցությամբ տրված հանձնարարականների կատարմանը և դատարանների բնականոն գործունեության ապահովման առումով դրանց կարևորությանը:
«Մեկ անգամ չէ, որ առիթ եմ ունեցել ասելու, որ դատարանների բնականոն գործունեությանը վերաբերող ցանկացած խնդիր պահանջում է լրջագույն վերաբերմունք: Նման հարցերին վերապահումներով մոտեցումները պարզապես անթույլատրելի են և աններելի: Արդարադատության համակարգի արդյունավետությունը չի կարող և չպետք է կախված լինի կոնկրետ անձանցից կամ այդ անձանց թերի ու անբարեխիղճ աշխատանքից»,- ասել էր Սերժ Սարգսյանը:
Այդ խորհրդակցությունից հետո ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ դրեց ՀՀ դատական, քրեական, քաղաքացիական և վարչական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծեր), որոնցով հստակեցվում էին ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու չափանիշները:
Չնայած նրան, որ փաստաբանների մեծ մասի կարծիքով խնդիրն իրավակիրառական էր, սակայն իշխանության կողմից նման նախաձեռնության պայմաններում, և հուսալով, որ իրավիճակը կշտկվի օրենսդրության միջոցով, փաստաբանական համայնքն առժամանակ կասեցրեց իր բողոքի ակցիան:
2013թ. ընթացքում Նախագծերի մեջ, որոշ փոփոխություններ են կատարվել, որոնք հետ նահանջ էին սկզբնական փուլում կազմված Նախագծերից, հետևաբար չէին լուծելու փաստաբանների մտահոգությունները:
Տարբերությունն այն էր, որ եթե սկզբում Արդարադատության նախարարության նախագծերում պարտավորեցվում էր, որ վճռաբեկ բողոքները վերադարձնելիս վճռաբեկ դատարանը պետք է պատճառաբանելուց բացի հիմնավորի նաև բողոքը վարույթ ընդունելու հիմքի բացակայությունը, ապա ներկայիս Նախագծերում այդպիսի պահանջ դրվել է միայն օրենքի միատեսակ կիրառության մասով բողոքների համար: Գաղտնիք չէ, որ բողոքների միայն 10 տոկոսն է օրենքի միատեսակ կիրառությանը վերաբերում, հետևաբար կրկին խնդիրը մնում է չլուծված:
Նման պայմաններում ողջամիտ կասկած է առաջանում, որ «օրենսդրական բարեփոխումները» նպատակ են հետապնդում փաստաբանների արդարացի բողոքը խլացնելու, ինչն անթույլատրելի է, քանի որ խնդիրները կրկին չեն գտնելու իրենց լուծումները, ինչն էլ իր հերթին հղի է անկանխատեսելի հետևանքներով:
Այս ամենով հանդերձ և նկատի ունենալով այն հանգամանքը, որ շատ փաստաբաններ արդարացիորեն ցանկություն ունեն շարունակել բողոքի ակցիաները, քանի որ այն խնդիրներն որոնք մատնացույց են արվել փաստաբանների կողմից դեռևս մնում են չլուծված, հարգելով իրենց գործընկերների դիրքորոշումը և բողոքի ակցիաներ անցկացնելու անվիճելի իրավունքը՝ հանուն ՀՀ որակյալ արդարադատության, ի նպաստ ՀՀ-ում բնակվող անձանց և իրենց վստահորդների, հանձնախմբի չորս անդամները միաձայն՝
- առաջարկում են ՀՀ փաստաբանների պալատի խորհրդին՝ Նախագծերի վերաբերյալ պաշտոնական առաջարկություններ ներկայացնել ՀՀ կառավարությանը,
- հայտարարում են, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Նախագծերի վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց հետո փաստաբանական համայնքին կներկայացվի բողոքի ակցիայի հետ կապված առաջարկ,
- հայտարարում են, որ այն դեպքում, երբ փաստաբանական համայնքի առաջարկները կընդունվեն ՀՀ կառավարության կողմից և կդառնան օրենքներ, ապա այդ օրենքների կիրառման արդյունքում դատական իշխանության վարքագծում դրական փոփոխություններ չարձանագրելու դեպքում, կհավաքագրեն և կներկայացնեն փաստեր հանձնախմբին հետագա քայլերը փաստարկված կատարելու համար:
Արա Զոհրաբյան
Կարեն Մեժլումյան
Լուսինե Սահակյան
Գևորգ Գյոզալյան
Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: