Իրանը ողջունում է Ռուսաստանի ջանքերը Լեռնային Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, բայց նաև հայտնում է, որ տարածաշրջանում սպառնալիքները դեռ մնում են: Այս մասին ասել է Իրանի Մեջլիսի նախագահ Մուհամմեդ Բաղեր Ղալիբաֆը՝ ելույթ ունենալով ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայում:
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
«Այս հակամարտության շարունակությունը կարող է անվտանգային խնդիրներ առաջացնել Իրանի հյուսիսային սահմաններին: Մենք ուրախ ենք, որ Ռուսաստանը ջանքեր է գործադրել հնարավորինս շուտ դադարեցնել այս պատերազմը: Բայց ինձ թվում է, որ այս տարածաշրջանում կան քնած սպառնալիքներ: Ես նկատի ունեմ, որ մենք պետք է կանխենք այս տարածաշրջանում ահաբեկչական ուժերի ներկայությունը», – ասել է նա:
Ըստ խորհրդարանականի՝ այժմ օրակարգում է տարածաշրջանի երկրների միջև կայուն համագործակցության կազմակերպման անհրաժեշտությունը: Եվ դա նաև նոր հնարավորություններ կբացի իրանա-ռուսական հարաբերությունների զարգացման համար: