Պորտուգալիայի Սանտա Մարիա դա Ֆեյրա քաղաքում մի ընտանիք իմացավ, որ նրանց հարազատի հուղարկավորությունից 18 օր անց հարազատը ողջ է:
Այս մասին հայտնում է «Կոսմոլսկայա պրավդա»-ն։
Պարզվեց, որ 92-ամյա տղամարդը երկու ամիս բուժվել է հիվանդանոցում և այնտեղ վարակվել կորոնավիրուսով: Հունվարի 10-ին բժիշկները ընտանիքին հայտնել են, որ տարեց հիվանդը մահացել է:
Համավարակի ֆոնին ներդրված անվտանգության կանոնների պատճառով հարազատները չէին կարող տեսնել մահացածի մարմինը: Ծեր պորտուգալացին թաղվեց փակ դագաղում:
Սակայն հուղարկավորության արարողությունից 18 օր անց բժիշկները պարզեցին, որ նրանք շփոթել են հիվանդներին: Նրանք ընտանիքին բարի լուր հայտնեցին, որ իրականում նրանց հարազատը ողջ է և առողջացած:
Ծերունու հարազատները ցնցված էին։ Պորտուգալիայի հիվանդանոցներում այժմ շատ հիվանդներ կան, և բժիշկները դժվարանում են հաղթահարել այս ծանր բեռը:
Հիվանդանոցի աշխատակիցները կապ են հաստատել իրականում մահացած տղամարդու ընտանիքի հետ և նրանց տեղեկացրել ողբերգության և սարսափելի խառնաշփոթի մասին։