Ովքե՞ր կարող են օգտվել Թբիլիսի-Երևան չվերթներից

Փետրվարի 1-ից Վրաստանը վերսկսել է կանոնավոր չվերթները: Սրա հետ կապված ավիաընկերությունները հրապարակել են ուղղությունները, որոնցից կարող են օգտվել Վրաստանում գտնվող անձինք: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

«Georgian Airways» ավիաընկերությունն, օրինակ, այս ցանկում ներառել է նաև Երևանը: Սրա հետ կապված «Ալիք մեդիա»-ն զրուցել է Վրաստանի կառավարության մամլո խոսնակի հետ, որը հստակեցրել է, թե ովքե՞ր կարող են օգտվել այս չվերթներից: Ըստ կառավարության տեղեկատվության՝ Վրաստան-Հայաստանի ինչպես օդային, այնպես էլ՝ ցամաքային սահմաններով ելումուտի հետ կապված նոր կանոնակարգեր չկան, քանի որ Վրաստանը սահմանը չի բացել ՀՀ-ի համար:

Ինչ վերաբերում է հատուկ պայմաններին՝ Վրաստանից ՀՀ վերոնշյալ չվերթներով կարող են տեղափոխվել ՀՀ քաղաքացիները (հետևաբար նաև՝ ՀՀ-ից Վրաստան՝ Վրաստանի քաղաքացիները): Թույլ է տրվում նաև տեղափոխվել (Վրաստանից դուրս գալ ու վերադառնալ) Վրաստանի ու Հայաստանի պաշտոնական երկքաղաքացիություն ունեցող անձանց ( ում քաղաքացիությունը պաշտոնապես պահպանված է ինչպես Վրաստանում, այնպես էլ՝ Հայաստանում):

Ոչ օդային, ոչ էլ ցամաքային ճանապարհով թույլատրելի չէ հատել Վրաստանի սահմանը Վրաստանի քաղաքացիներին ու նրանց, որոնք բնակության իրավունք ունեն:

Բոլոր պայմանները բավարարելու դեպքում Վրաստանն իր սահմանն անցնող՝ Հայաստան տեղափոխվող քաղաքացուց չի պահանջում որևէ փաստաթուղթ: Կառավարությունից հայտնեցին, որ հավելյալ պահանջներ կարող է ունենալ ավիաընկերությունը, այս հարցը պետք է պարզել անմիջապես ավիաընկերությունից: Ինչ վերաբերում է Հայաստանին, երկիր մուտք գործելուց ոչ ավելի ուշ քան 72 ժամվա ընթացքում արված կորոնավիրուսի բացասական թեստ ներկայացնելը պարտադիր է:

Հիշեցնենք՝ Վրաստանը ներս կթողնի բոլոր այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք անցած կլինեն COVID-19-ի պատվաստման ամբողջական կուրսը՝ երկու դոզա:

Որոշակի պայմաններով երկիր կարող են մուտք ունենալ նաև Եվրամիության, Իսրայելի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի քաղաքացիներն ու ռեզիդենտները։ Նրանց համար պարտադիր է PCR թեստի բացասական պատասխանը՝ արված մուտքից առաջ ոչ շուտ, քան 72 ժամ առաջ, իսկ Վրաստան այցի 3-րդ օրը պարտավոր են կրկնակի թեստ անցնել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել