Դեմքով դեպի գիտությունը․ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը և «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը համագործակցության հուշագիր են կնքել, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
«Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունը՝ ի դեմս նախարար Ռոմանոս Պետրոսյանի և «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը՝ ի դեմս ռեկտոր Վարդան Ուռուտյանի, համագործակցության հուշագիր են կնքել։
Շրջակա միջավայրի նախարարությունում հյուրերին ողջունելով, նախարար Ռոմանոս Պետրոսյանը ևս մեկ անգամ կարևորել է պետական գերատեսչությունների և հանրապետության ուսումնական հաստատությունների միջև սերտ համագործակցությունը։
«Մեր հանրապետության էկոկրթական միջավայրի բարելավման, հասարակության էկոդաստիարակության մակարդակի բարձրացման, ինչպես նաև՝ շրջակա միջավայրի կառավարման, պահպանության և պաշտպանության ոլորտներում նշանակալի առաջնթաց գրանցելու նպատակով, Շրջակա միջավայրի նախարարությունը հադես եկավ ոլորտի կադրային դարբնոցներից մեկի՝ գիտահետազոտական և գիտակրթական մեծ պոտենցիալ ունեցող Ագրարային համալսարանի հետ համագործակցության առաջարկով։
Սա մեծ համագործակցության առաջին քայլն է։ Շրջակա միջավայրի նախարարությունն իր ենթակա ստորաբաժանումներով կարիք ունի Ագրարային համալսարանից երիտասարդ մասնագետների, գիտակրթական, գիտահետազոտական, խորհրդատվական ծառայությունների, որոնք անմիջականորեն ներդրվելու են Շրջակա միջավայրի կառավարման՝ ի մասնավորի անտառների կառավարման, անտառտնկման, անտառային մշակույթների նախագծման, ձևավորման, 10 մլն անտառատունկի և պետական կառավարման համակարգում կարևորություն ունեցող այլ ձեռքբերումների հիմքում, որոնք այսօր նախանշված են պետության կայուն զարգացման հայեցակարգային հիմնադրույթների մեջ»։
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանն իր գոհունակությունն է հայտնել նախարար Ռոմանոս Պետրոսյանին և Շրջակա միջավայրի նախարարությանը նման կարևորագույն նախաձեռնության և դեմքով դեպի գիտությունն ու կրթությունը շրջվելու համար։
«Ոլորտում խնդիրները բազմաթիվ են ու բազմաշերտ, և եթե մենք ուզում ենք բարձրակարգ մասնագետները ներգրավված լինեն դրանց լուծման գործընթացներում, շատ կարևոր են նման համագործակցությունները։ Ագրարային համալսարանը դրան ուղղված որոշակի քայլեր արդեն արել է՝ բարեփոխելով ու արդիականացնելով կրթական ծրագրերը։ Այժմ քայլեր են արվում ենթակառուցվածքներ ունենալու ու ուսումնական պրակտիկաների միջավայրը զարգացնելու ուղղությամբ»։
Ռեկտորն իր խոսքում հիշատակել է, որ Ագրարային համալսարանում արդեն կա «Աշխատանքային կիսամյակ» հասկացությունը, երբ ուսանողը մի ամբողջ կիսամյակ պետք է անցկացնի գործատուի մոտ, և այս հուշագիրը շատ լավ հնարավորություն է ստեղծում այդ համատեքստում։ Ուսանողը հնարավորություն է ստանում օր առաջ կապվել ոլորտին, օր առաջ հասկանալ խնդիրները և մասնագիտական առաջընթաց գրանցել։
Խոսքով հանդես է եկել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը, ով ևս մեկ անգամ կարևորել է տեսության և պրակտիկայի կապը և խոստացել իր համակարգման ոլորտում անել ամեն բան՝ գիտության ու պրակտիկայի սերտ համագործակցության և համընթաց քայլերի համար։ Այս հուշագիրն ունի երկու գերնպատակ՝ հանրության էկոկրթության մակարդակի բարձրացում և կադրային բանկի ձևավորում, որտեղից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսություններ կներարկվեն երիտասարդ կադրեր։
Նախարար Պետրոսյանը գործընկերներին է ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարության առաջնահերթ ուղղությունները, որոնցից է անտառկառավարման նոր մոդելի ներդրումը և զարգացումը։ Այս հուշագրով Ագրարային համալսարանի Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի ուսանողները հնարավորություն կստանան անմիջական մասնակցություն ունենալ ոլորտի բարեփոխման գործընթացներին։
Հուշագրով կողմերը նախատեսում են, ՀՀ օրենսդրության շրջանակներում, միավորել իրենց ջանքերը` ներդնելով մասնագիտական, մարդկային և տեխնիկական ներուժ համագործակցության համար:
Հուշագրով կողմերը կազմակերպում և իրականացնում են Հիմնադրամի Ագրոնոմիական և Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետների ուսանողների ուսումնաարտադրական և գիտահետազոտական փորձուսուցումը՝ համաձայն Հիմնադրամի կողմից նախապես ներկայացված ցանկի և Նախարարությունում փորձուսուցման համար սահմանված տեղերի քանակին համապատասխան:
Հուշագրով կողմերը պատրաստակամ են միավորել իրենց կարողությունները շրջակա միջավայրի պահպանության, բարելավման և վերականգնման, բնական պաշարների ողջամիտ օգտագործման և կրթության համապատասխան բնագավառներում, ինչպես նաև Կողմերի կանոնադրական խնդիրներից և նպատակներից բխող ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության համար:
Բարի երթ մաղթելով նախաձեռնությանը՝ նախարար Պետրոսյանը հավելեց, որ Շրջակա միջավայրի նախարարության, ենթակա ստորաբաժանումների, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսությունների և անտառապետությունների դռները բաց են ուսանողների ու երիտասարդ մասնագետների առաջ։ Նրանք այսուհետ լայն հնարավորություններ ունեն ստացած գիտելիքները իրացնելու և փորձի վերածելու։
Կողմերը պայմանավորվել են առաջիկայում հանդիպել և քննարկել համատեղ միջոցառումները և համագործակցության ծրագրերի ժամանակացույցը»»,- ացված է հայտարարության մեջ։