«Գորշ գայլերը» Շուշիում դպրոց կհիմնեն. Էրդողանն ու Ալիևը հավանություն են տվել

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (Գորշ գայլերի քաղքական թև) առաջնորդ Դեւլեթ Բահչելին հայտարարել է Շուշիում ազգայնական ոգով կրթություն տվող դպրոցի կառուցման մասին։ Այս մասին հայտնում է Hurriyet-ը։

Բահչելիի խոսքով՝ Շուշիում դպրոց կառուցելու իր առաջարկին հավանություն են տվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը․ «Ազգայնական ոգով կրթություն տվող դպրոցի հիմնաքարը կդրվի 2021-ի հունվարի 30-ին»։

Նշենք, որ «Գորշ գայլեր» կազմակերպության անվանումը և խորհրդանիշները կապվում են թուրքական դիցաբանության հետ, որտեղ գայլը խիզախության և պատվի խորհրդանիշ է: Ընդգծվում է իդեալիստական աշխարհընկալման հանձնառությունը։ Ազգայնականությունը և պանթյուրքիզմը դրված է որպես գաղափարական առաջնահերթություններ, որի նպատակն է ստեղծել Մեծ Թուրան՝ թուրքական ազգային ավանդույթների, մշակույթի և հասարակական կարգի հիման վրա:

Այս հայեցակարգում ակնհայտ են ռասիստական գծերը, թյուրքական ռասայի և թուրք ազգի գերազանցության թեզերը: Միևնույն ժամանակ թուրք է հռչակվում յուրաքանչյուր ոք, որը կիսում է ազգային արժեքները և համապատասխան աշխարհայացքը:

Մուսուլմանական դավանանքը կազմակերպության անդամ դառնալու պայման է, սակայն այն չի անցնում իսլամիզմի, քանի որ էթնոմշակութային գործոնը վեր է դասվում կրոնականից:

Որպես հակառակորդներ նշված են տոտալիտար գաղափարախոսությունները, ընդ որում՝ ոչ միայն կոմունիզմը, այլև ֆաշիզմը: Վերջինս պարադոքսալ տեսք ունի՝ հաշվի առնելով «Գորշ գայլերի» վարդապետության բացահայտ նեոֆաշիստական բնույթը: Շեշտվել է նաև կապիտալիզմի՝ որպես նյութապաշտական համակարգի և թուրքական անկախությանը սպառնացող իմպերիալիզմի նկատմամբ թշնամանքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել