Ալիևին առաջարկվել է Շուշին հռչակել թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք

Թուրքական խորհուրդը (թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպություն) առաջարկել է 2022 թվականին Ղարաբաղի Շուշի քաղաքը հռչակել թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք։ Այդպիսի առաջարկով է հանդես եկել կազմակերպության գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, հայտնում է РИА Новости-ին։

Կազմակերպությունը ամեն տարի հայտարարում է թյուրքական աշխարհի մայրաքաղաքի անունը:

«Առաջարկում ենք Շուշի քաղաքը հայտարարել այդպիսի 2022 թ., այնտեղ անցկացնել բազմաթիվ մշակութային միջոցառումներ: Սա կարևորելու է Շուշի քաղաքի մշակութային նշանակությունը ամբողջ թյուրքական և իսլամական աշխարհի համար: Եթե թույլ տաք, մենք կսկսենք այս աշխատանքը, 2022-ին Շուշիյում կանցկացնեինք մոտ 20 միջոցառում: Համոզված ենք, որ այդ ժամանակ Շուշին կվերականգնի իր նախկին տեսքը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Շուշին ադրբեջանական բանակի վերահսկողության տակ է անցել նոյեմբերի 8-ին: Դրանից հետո Ալիևը քաղաքը հռչակել է երկրի մշակութային մայրաքաղաք:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Արցախյան կոնֆլիկտը սկսվել է 1988-ին։ Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին երկու հանրապետությունների բնակիչների մեծամասնությունը ներգրավված էր այս հակամարտության մեջ, ինչպես նշել է Ա.Ն. Յամսկովը, և այն վերածվել է «ազգամիջյան դիմակայության», որը միայն ժամանակավորապես դադարեցվել էր Սպիտակի երկրաշարժի պատճառով: 1991-1994 թվականներին այս առճակատումը հանգեցրել է լայնամասշտաբ ռազմական գործողությունների՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և հարակից որոշ տարածքների վերահսկողության համար: 1990-ականների վերջին ղարաբաղյան հակամարտությունը նպաստել է Կովկասում և դրա շուրջ պետությունների հակառակ խմբավորումների ձևավորմանը»։

1994 թվականի մայիսի 5-ին ստորագրվել է հրադադարի և զինադադարի մասին Բիշքեկյան արձանագրությունը Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հանրապետությունների միջև:

Նշենք, որ այս դեպքերին նախորդել է Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպված քաղաքի հայ ազգաբնակչության եղեռնն և զանգվածային տեղահանությունը, որը տեղի է ունեցել 1988 թ. փետրվարի 27-ից 29-ը ընկած ժամանակահատվածում։ Հայ ազգի դեմ իրականացրած այս հանցագործության նպատակն էր կանխել Արցախյան շարժումը, հայերին ահաբեկելով նոր արյունահեղ գործողությունների հեռանկարով՝ կանխել Արցախյան ազատագրական պայքարի տարածումը։ Փետրվարի 26-ին՝ դեպքերից մեկ օր առաջ, Միխայիլ Գորբաչովը հայ մտավորականների հետ հանդիպման ժամանակ «մտավախություն» էր հայտնել Բաքվում ապրող ավելի քան 200.000 հայերի անվտանգության ապահովման շուրջ՝ այն ուղղակիորեն կապելով ԼՂԻՄ-ը Հայաստանի ԽՍՀ-ին վերամիավորվելու արցախահայության պահանջի հետ։

Սումգայիթում կրքերը բորբոքելու համար օգտագործվել են ստահոդ լուրեր. իբր Հայաստանում զանգվածաբար սպանում են ադրբեջանցիներին, թալանում նրանց ունեցվածքը և այլն։ Մասնավորապես սադրիչ ազդեցություն է ունեցել ԽՍՀՄ գլխավոր դատախազ Կատուսևի հեռուստատեսային ելույթի ժամանակ հրապարակված Ասկերանի դեպքերի ընթացքում երկու ադրբեջանցիների սպանության մասին տեղեկությունը։

Ոճրագործությունը ծրագրավորված է եղել նախօրոք։ Այդ են վկայում ջարդարարների մոտ հայերի բնակարանների ցուցակների առկայությունը, նախապես մշակված սցենարը և դերերի բաժանումը (սպանություն և ջարդեր իրականացնողներ, թալանողներ, ունեցվածք ոչնչացնողներ, հանցագործության հետքերը վերացնողներ), ոճիրն իրականացնելու համար արտադրամասերում մետաղաձողերի և այլ գործիքների պատրաստումը, թմրանյութերի և ոգելից խմիչքի բաժանումը։ Բացի այդ, անջատված է եղել հայերի հեռախոսային կապը, միտումնավոր չեն գործել ՆԳ և շտապ օգնության ծառայությունները, հայերի տեղերը բացահայտելու համար գործի է դրվել պայմանական և ազդանշանային համակարգ և այլն։

Երեք օր շարունակվող սպանդի արդյունքները զարհուրելի էին, ջարդարարների գործողությունները՝ անօրինակ դաժան. ԽՍՀՄ պաշտոնական տվյալներով մի քանի տասնյակ, իսկ ոչ պաշտոնական՝ հազարից ավելի սպանվածներ, որոնց մեծ մասը խոշտանգումներից ու կտտանքներից հետո ողջակիզված, հազարավոր վիրավորներ, հարյուրավոր բռնաբարվածներ, այդ թվում՝ մեծ թվով անչափահասներ, 18.000 փախստականներ, մի քանի հարյուր ավերված ու թալանված բնակարաններ, տասնյակ կողոպտված կրպակներ, խանութներ, արհեստանոցներ և հասարակական նշանակության օբյեկտներ, մի քանի տասնյակ հրկիզված ու ջարդված ավտոմեքենաներ և այլն։ Փետրվարի 29-ին խորհրդային զորքեր են մտցվել Սումգայիթ, սակայն այդ օրը ևս շարունակվել են բռնարարքներն ու սպանությունները։ Բանակը զենք կիրառելու հրաման չի ստացել և չի օգնել հայերին։ Միայն երեկոյան դիմել է վճռական գործողությունների և կանխել հետագա ջարդերը։

Ջարդարարներից պատասխանատվության է ենթարկվել միայն 94 մարդ, և նրանցից միայն մեկի նկատմամբ է մահապատժի դատավճիռ կայացվել։

Անպատիժ են մնացել նաև քաղաքային և իրավապահ համակարգի աշխատողները։ Սումգայիթի Հայոց ցեղասպանության զոհերի ճշգրիտ թիվը պարզված չէ։ Ադրբեջանի դատախազության տրամադրած տվյալների հիման վրա ԽՍՀՄ դատախազությունը հայտարարել է, որ «Սումգայիթում զոհվել է հայ ազգության 27 քաղաքացի»: Սակայն ոչ պաշտոնական տվյալներով ցեղասպանության ենթարկվածների թիվը հասնում է հազարի, որոնց աճյունները մինչև օրս էլ հայտնաբերվում են Սումգայիթի արվարձաններում նոր շինարարություն կատարելիս։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել