Հունվարի 27-ից Ռուսաստանը կվերսկսի թռիչքները Ֆինլանդիայի, Վիետնամի, Հնդկաստանի և Քաթարի հետ, լրագրողներին ասել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի գործառնական շտաբը:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Այսպիսով, շաբաթական երկու անգամ թռիչքներ կիրականացվեն Մոսկվայից Հանոյ, Դելի և Հելսինկի, իսկ շաբաթը երեք անգամ՝ Դոհա:
Բացի դրանից , նախատեսվում է ևս երկու թռիչք Սանկտ Պետերբուրգից Հելսինկի: Իսկ դեպի Կահիրե կանոնավոր թռիչքների թիվը կհասնի շաբաթական հինգի:
Նման որոշումն ընդունվել է՝ հիմք ընդունելով երկրում COVID-19 նոր դեպքերի քանակը, որը 14 օրվա ընթացքում չպետք է գերազանցի 40-ը՝ 100 հազար բնակչի հաշվարկով , նույն ժամանակահատվածում դեպքերի օրական աճը չպետք է գերազանցի մեկ տոկոսը։
Նշենք, որ Ռուսաստանը, կորոնավիրուսային համաճարակի ֆոնին, մարտի 27-ից դադարեցրել էր միջազգային ուղևորային թռիչքները: Բացառություն է կատարվել միայն արտահանման, փոստային, սանիտարական և որոշ այլ թռիչքների համար: Օգոստոսից թռիչքները սկսել են աստիճանաբար վերականգնվել: Այժմ թույլատրվում է թռչել Թուրքիա, Տանզանիա, Շվեյցարիա, Եգիպտոս, ԱՄԷ, Բելառուս, Ղրղզստան, Ղազախստան, Սերբիա, Հարավային Կորեա, Ճապոնիա, Կուբա, Եթովպիա, Սեյշելյան կղզիներ և որոշ այլ երկրներ: