Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ եղել են չափազանց կարևոր և արդյունավետ, մասնակիցները կարողացել են համաձայնության գալ և համատեղ հայտարարություն են ստորագրել տարածաշրջանի զարգացման վերաբերյալ:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Ես համարում եմ, որ այսօրվա հանդիպումը չափազանց կարևոր և արդյունավետ էր, քանի որ մենք կարողացանք համաձայնության գալ և համատեղ հայտարարություն ստորագրեցինք տարածաշրջանում իրավիճակի զարգացման վերաբերյալ, ինչը նշանակում է կոնկրետ քայլեր՝ տնտեսական կապերի հաստատման և ենթակառուցվածքային նախագծերի զարգացման ուղղությամբ», – ասել է Պուտինը Մոսկվայում կայացած բանակցություններից հետո:
Նա նշել է, որ այդ նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ, որը կգլխավորեն երեք երկրների ՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների փոխվարչապետները: Մոտ ժամանակներս նրանք կստեղծեն գործող փորձագիտական ենթախմբեր, ավելացրել է Ռուսաստանի Դաշնության նախագահը:
Նշենք, որ Կրեմլում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել էր, որ եռակողմ հանդիպման նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբերվում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը՝ այդ թվում Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, ինչպես նաեւ Հայաստանի կենտրոնական հատվածներից Նախիջեւանի երկաթուղով դեպի Սյունիքի մարզ:
«Ադրբեջանական կողմը եւ հայկական որոշ շրջանակներ անընդհատ շրջանառում են այսպես կոչված «Մեղրիի միջանցքի» թեման, սակայն ինչպես բազմիցս նշվել է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա ոչ Մեղրի, ոչ էլ Հայաստանի տարածքով միջանցք ստեղծելու մասին որեւէ դրույթ:
Հայկական կողմի համար, սակայն, անկյունաքարային եւ սկզբունքային է գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը: Առանց այս հարցերի լուծման կամ էական առաջընթացի չափազանց դժվար կլինի տնտեսական օրակարգի արդյունավետ քննարկումը եւ հայկական կողմը այս խնդրի քննարկումը համարում է մոսկովյան հանդիպման առանցքային թեմաներից մեկը:
Ընդգծեմ նաեւ, որ Մոսկվայում Ղարաբաղի հարցի կամ տարածքային որեւէ հարցի լուծմանը վերաբերվող փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում: Եթե հանդիպման ընթացքում օրակարգային հարցերի, այսինքն՝ տնտեսական թեմաների, գերիների փոխանակման, անհետ կորածների հարցի շուրջ հնարավոր լինի հասնել համաձայնությունների, հնարավոր է հանդիպման արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարության ստորագրում»,-նշել է Մանե Գևորգյանը: