Ամեն երևույթ ունի իր և′ դրական, և′ բացասական կողմերը: Այդ հատկանիշներից զերծ չէ նաև հասարակական տրանսպորտով երթևեկելը: Հասարակական տրանսպորտով երթևեկելիս միշտ հետաքրքիր է եղել նայել մարդկանց դեմքերին և գուշակել նրանց տրամադրությունը, հոգեվիճակը, մարդկային տեսակը:
Վերջերս հատկապես ուշագրավ է մեկ այլ երևույթ՝ երիտասարդների մեծամասնությունը ականջակալներով հեռախոսի միջոցով լսում է երաժշտություն: Ոմանք լսում են, երբ նստած են, ոմանք, երբ կանգնած են, ոմանք էլ, նույնիսկ, երբ մի կերպ տեղավորվել են նույնիսկ կանգնելու տեղ չունեցող երթուղայինում:
Այս երևույթը խնդրահարույց է գոնե երկու տեսանկյունից: Նախ վնասակար է ականջակալներ կրողի առողջությանը: Առանց ականջակալների երաժշտություն լսելիս երաժշտությունը տարրալուծվում է օդում, և ականջի կողմից ընկալվում է որպես նորմալ ձայն՝ չառաջացնելով ականջի թմբուկի լարում: Իսկ եթե երաժշտությունը լսվում է ականջակալների միջոցով, ապա ձայնն ուղղակիորեն ազդում է լսողական համակարգի վրա՝ առաջացնելով դրա գերլարում, ինչն էլ բացասական է ազդում ուղեղի վրա: Նաև պետք է հաշվի առնել, որ ականջակալը էլեկտրամագնիսական սարք է, իր շուրջը ստեղծում է էլեկտրամագնիսական դաշտ, որը ուժգնանում է ձայնի բարձր հաճախականության պայմաններում, և դրա հետ միասին այդ դաշտը լսողական համակարգի միջոցով ազդում է ուղեղի վրա: Այլ կերպ ասած, ականջակալներով ցածր երաժշտություն լսելը բացասական ծանր ազդեցություն չի թողնի օրգանիզմի վրա:
Բարձր երաժշտությունը ականջակալներով հաճախ լսելը անխուսափելիորեն հանգեցնում է լսողության վատթարացման: Եվրոպական միությունը ընդունել էր օրենք, որը սահմանափակում էր ականջակալների կողմից արձակվող առավելագույն ձայնային ճնշումը մինչև 100 դեցիբալ:
Ամերիկացի բժիշկները երիտասարդների մոտ ախտորոշում են լսողության նվազեցում այն արագությամբ, որը սովորաբար բնորոշ է տարեցներին: Շատ դեպքերում այդ կորուստը անդառնալի է և հանգեցնում է լրիվ խլության: Բժիշկները այդ տենդենցը ուղղակիորեն կապում են բարձր երաժշտություն արձակող արականջակալների հաճախակի օգտագործման հետ:
Այս թեմային անդրադառնալու հիմք հանդիսացավ տեսարանը, որին օրերս ականատես եղա: Նստած են երկու երիտասարդ աղջիկներ, ամենայն հավանականությամբ՝ ուսանողուհիներ, որոնք ականջակալներով հեռախոսի միջոցով լսում են երաժշտություն. հագնված են դասական՝ սև, դասական ոճի հագուստ, բարձրակրունկ կոշիկներ, տոնական սանրվածք, գրեթե տոնական շպար: Աղջիկները նստած են զգաստ, առանց դիմախաղի, ոչինչ չասող դեմքի արտահայտությամբ, անթարթ աչքերով նայում են ինչ-որ կետի, և նրանց աչքերը խոնարհվում են դեպի հեռախոսը միայն, երբ հարկավոր է փոխել երաժշտությունը: Եվ այդպես մոտ 15 րոպե… Փորձեցի կռահել ինչ երաժշտություն են լսում (քանի որ հեռավորության պատճառով հնարավոր չէր լսել), սակայն ապարդյուն, փորձեցի կռահել ինչպիսի տրամադրություն է ստեղծում կամ ինչպիսի տրամադրությամբ է պայմանավորված երաժշտությունը, կրկին ապարդյուն, քանի որ տպավորություն էր, թե իրականության այդ հատվածը Մադամ Տյուսսոյի թանգարանից էր:
Տարիներ առաջ, երբ հայաստանյան փողոցներում ականջակալներով մարդ հազվադեպ կարելի էր հանդիպել, նման մարդկանց տեսնում էինք արտասահմանյան ֆիլմերում. Նրանք որոշակի ոճի մարդիկ էին, որոնց շարժումներում, դիմախաղում կամ այլ ձևով ինչ-որ կերպ արտահայտվում էր լսվող երաժշտության ոճը, ռիթմը. և դա չէր արվում ցուցադրաբար՝ թանկարժեք կամ կիսաթանկարժեք հեռախոսը ձեռքին բռնած: Սակայն հիշողությանս մեջ չի տպավորվել որևէ դասական ոճի կերպար, որը փողոց դուրս գար ականջակալներով (բացառությամբ՝ թիկնապահների):
Փորձելով գտնել այս երևույթի դրական կողմը, մտածում եմ, որ մարդիկ այդ միջոցով հաղորդակցվում են մշակութային կյանքի երաժշտական կողմին (եթե մեր օրերում մատուցվող երաժշտությունն անվանենք մշակույթ): Չէ՞ որ ՀՀ Սահմանադրության 40-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի գրական, գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատության, գիտության նվաճումներից օգտվելու և հասարակության մշակութային կյանքին մասնակցելու իրավունք»:
Սակայն, որպես կանոն, երաժշտությունը ազդելով բանական էակի վրա՝ ստեղծում է որոշակի հոգեվիճակ, որն արտահայտվում է դիմախաղի, հույզերի, շարժումների կամ այլ միջոցով:
Ինչևէ, ամեն մարդ ինքն է որոշում` ինչ կերպ ներկայանա հանրությանը, ինչպես յուրացնի նորամուծությունը… Սակայն կարելի է դա անել այնպես, որ կերպարը համապատասխան լինի տվյալ մարդու բնույթին, կամ գոնե կերպարի ու մարդու բնույթի տարբերությունը «աչք ծակող» չլինի:
Եվ խնդիրը միայն այն չէ, որ մարդիկ վտանգում են իրենց առողջությունը, այլ այն, որ իրենց կողմից լսվող երաժշտությունը, երբեմն մի քանի անգամ կրկնվող միևնույն երգը, ստիպված, ակամա լսում են նաև մյուս ուղևորները:
ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ ինքն ազատ է այնքան, մինչև չի խախտում այլոց իրավունքներն ու ազատությունները: Այս դրույթն ամրագրված է ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածում, համաձայն որի՝ «Յուրաքանչյուր ոք ազատ է կատարելու այն, ինչն արգելված չէ օրենքով և չի խախտում այլոց իրավունքները և ազատությունները»:
Արփինե Եղիկյան
Աղբյուրը` Իրավաբան.net