Պռոշյանի գյուղապետի սպանության գործով մեղադրյալի կալանքի որոշումը բողոքարկվել է

Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով մեղադրյալ Արայիկ Պետրոսյանի կալանքի որոշումը բողոքարկվել է: Այս մասին Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում ասաց մեղադրյալի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը:

Ապրիլի 18-ին նշանակվել է առաջին դատական նիստը:

Նրա խոսքերով` մեղադրանքի համար որևէ հստակ հիմնավորում չկա, ակնհայտ ապօրինի մեղադրանք է. «Դատաքիմիական փորձաքննությունը հաստատել է անտիմոնի առկայությունը նրա դեմքի վրա և մեքենայի մեջ: Բայց միայն անտիմոնի հայտնաբերումը հիմք չի հանդիսանում անձին սպանության մեջ մեղադրելու համար: Առաջին հերթին քննիչը պետք է ապացուցեր, որ այդ նյութը միայն կրակոցի հետևանքով է առաջանում, ապա նոր` ապացուցեր, որ հենց այդ կրակոցի հետևանքվ է առաջացել տվյալ քիմիական նյութը»:

Գ. Հովհաննիսյանի հաղորդմամբ` չկա որևէ ականատես կամ վկա, ով կհաստատեր, որ Արայիկ Պետրոսյանը այդ ժամին գտնվել է գյուղապետարանի դիմաց:

«Ոչ մի էական հիմնավորում չկա: Միայն անտիմոնն է, որը կարող է անգամ շարժիչների և լարերի մեջ լինել, կամ առաջանալ զոդման հետևանքով: Եթե ենթադրենք անգամ, որ կրակել է, պետք է նախևառաջ մեղադրանք առաջադրելուց առաջ ապացուցվի հետքերի վաղեմությունը և, որ դա հենց այդ սպանության հետ կապված կրակոցն է եղել»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին, ժամը 9-ի սահմաններում, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է նույն գյուղի գյուղապետ, 1963 թ. ծնված Հրաչ Մուրադյանի դիակը: Ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (Սպանությունը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և 235 հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, որոնք ուղարկվել են դատակենսաբանական փորձաքննության:

Դիակի դատաբժշկական փորձաքննության ընթացքում Հրաչ Մուրադյանի գլխից հանվել են կրակված փամփուշտի գնդակի բեկորներ: Սպանության փաստով հարուցված քրեական գործով կար երկու կասկածյալ` 1980 թ. ծնված Արտակ Պետրոսյանը և 1982 թ. ծնված Արայիկ Պետրոսյանը:

Ապրիլի 5-ին 1982 թ. ծնված Արայիկ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), իսկ Արտակ Պետրոսյանն ազատ էր արձակվել:

Ապրիլի 5-ին նախաքննական մարմնի միջնորդությամբ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Արայիկ Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել