Գյումրեցի Էդվարդ Մարանջյանը պատերազմից 2 ամիս առաջ էր զորակոչվել բանակ։ Մեղրիի զորամասից կռվի թեժ օրերին կամավոր ցանկություն է հայտնել գնալ Արցախ։ Տարել են Ջրական (Ջաբրայիլ), որտեղ էլ ԱԹՍ-ի հարվածից զոհվել է 20-ամյա Էդվարդը։ Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր էր։ Մարզիկին վայել բնավորություն է ունեցել՝ կամային, անվախ ու նպատակասլաց։
«Ես իրեն ասում էի հզոր, որովհետև շատ ուժեղ էր ու պատրաստ էր ամեն ինչով կողքիս կանգնելու։ Դրսում որ ինձ տեսնում էր, կապ չուներ՝ ուր էի գնում, անպայման մեքենայով տանում էր։ Համ էլ՝ շատ սիրուն ժպիտ ուներ, սիրում էր, երբ ասում էի՝ ժպիտդ սիրուն է։ Կյանքումս մի մեծ ու դատարկ տեղ է մնացել իր գնալուց հետո»,- ասում է Էդվարդի մանկության ընկերը՝ Շուշանիկ Աթոյանը։
«Ինքը թիկունք էր մեր բոլորի համար, եթե հնարավոր է բառերով արտահայտել, սար էր ինքը։ Հանգիստ էր, ծանր ու հասուն բնավորություն ուներ։ Կարող է չխոսար, բայց մեկ էլ մի բան, մի խոսք ըսեր, որը ազդեցություն կունենար։ Ես գիտեի, որ հանգիստ կրնամ հենվիմ իրա վրա։ Իսկ հմի ես կիսատ եմ։ Կիսատ մարդը ի՞նչխ կրնա ապրի»,- ասում է մայրը՝ Հայկանուշ Մարանջյանը։
Մարտի դաշտում էլ, ընկերների բնորոշմամբ, իրեն հզորի պես է պահել Էդվարդը։ ԱԹՍ-ի ձայնը լսելիս, որն իր կյանքն էր խլելու, ասել է՝ խո չվախեցա՞ք, տղեք։ Մինչև հոսպիտալ հասնելը երկու անգամ ուշաթափվել է, իսկ վերջին անգամ ասել է՝ թողեք հանգիստ քնիմ, էլի։ Քնեց հավերժ…
Համլետ Գասպարյանը Էդվարդի մանկության ընկերն է, հեռախոսով խոսելիս մի անգամ Էդվարդն ասել է նրան․ «Էնքան հանգիստ եմ, չես պատկերացնե, դաշտը ռմբակոծել էին, ԱԹՍ էին գցել, սաղ վիրավորներին օգնե, դուրս եմ բերե ընդեղից մինչև ավտո, մե հոգում չենք թողե ընդեղ»։
Մայրը տեղյակ չի եղել, որ որդին պատերազմի թեժ կետում է, ասել են, թե Ստեփանակերտում է, բայց նշում է, որ զգում էր մի բան։
«Ես երազիս տեսա՝ աջ կողմի ունքի վրա վերք կար, ինքն էլ նստած հաց կուտեր, ըսեցի՝ Էդո ջան, էդ ի՞նչ է եղե, ձեռքով վերքը շոշափեց ու ըսեց՝ բան չկա, մա ջան, կանցնի, ու հետո, երբ իրան բերեցին ու տեսա, որ փակ պտի եղնի, ես երկու հարց տվեցի։ Հարցրի՝ բայց ի՞նքն է, ասեցին՝ հա, հետո հարցրի՝ մարմինը նորմա՞լ է, պատասխանեցին՝ հա, ես էլ ասի՝ իրա աջ կողմի վրա ինչ-որ բան եղե՞լ է, ասեցին՝ հա, դեմքի վրա աջ կողմից այրվածք է եղե, իսկ կողի վնասվածքը, որը մահացու էր, էլի աջ կողինն էր»,- արցունքները խեղդելով՝ պատմում է մայրը՝ Հայկանուշ Մարանջյանը։
Էդվարդը ընտանիքի կրտսերն էր, իրենից 5 տարով մեծ եղբայր ունի։ Ծնողներեն ասում են՝ մինչև վերջ էլ փոքրը մնաց, որի համար չեն խնայել ոչ մի բան, նրա ցանկությունները երբեք չեն մերժել։ Մայրն ասում է՝ գոնե այս հարցում մի փոքր հանգիստ է իր խիղճը։
Հիշում են՝ 8-9 տարեկան էր Էդվարդը, երբ իրենց շենքի մոտ նոր մարզադպրոց բացվեց․ ինքնուրույն որոշել է, որ գնալու է ծանրամարտի։ Մայրն ասում է՝ շատ համեստ է եղել։ Մրցումներին թույլ չի տվել, որ իրենք ներկա լինեն։
«Ես էլ շատ կանհանգստանայի մրցումների օրերին։ Բալկոնից անընդհատ դուրս կնայեի, թե ինչ եղավ երեխեն։ Մեկ էլ կտեսնեի՝ պատվոգիրն ու գավաթը ձեռն առած գուկար»,- հիշում է մայրը։
Էդվարդի մարզիչ Արտակ Գևորգյանն իրեն չի ներում, արցունքն աչքերին ասում է՝ իր խորհրդով Երևանի օլիմպիական հերթափոխի քոլեջ էր ընդունվել, ինչի համար էլ 3 տարի ուշ գնաց բանակ։
«Էս պատերազմը եթե չեղնիր, ինքը Եվրոպայի, Աշխարհի, Օլիմպիական մրցումներին իր խոսքն անպայման կասեր։ Իրա բարձրացրած կիլոգրամները միջազգային կարգի կիլոգրամներ էին, ուղղակի մեջքի վնասվածք ստացավ, չհասցրեց միջազգային մրցումների գնալ ու բանակ գնաց»,- ասում է մարզիչը։
Հիշում է, որ հայրենասիրական երգերի ներքո է միշտ մարզվել Էդվարդը։
«Պատերազմի օրերին ես խոսում էի իրա հետ, ինքն ասաց՝ ընկեր Արտակ, տղերքին ի՞նչխ մենակ թողնամ։ Էդպես կամավոր Մեղրիից գնաց Արցախ։ Հմի ընձի ամենատանջողը իրա բարի ժպիտն է, որ միշտ կժպտար։ Հայացքը աչքերիս առաջ գուկա, չեմ կրնա ներեմ ընձի»,- ասում է Արտակ Գևորգյանը։
Ինքնամփոփ ու համեստ Էդվարդն իրեն բանակ ճանապարհելու հավաքույթի ժամանակ անսովոր ուրախ է եղել։
«Էդ օրը հելել էր ընկերների, հոր ուսերին ու կպարեր։ Շատ-շատ ուրախ էր։ Սովորաբար, մենք խնջույքներին միշտ կհամոզեինք, որ տեղից հելներ պարեր, բայց թե ինքը ի՜նչխ կպարեր էդ օրը․․․»,- հիշում է մայրը՝ ցույց տալով այդ օրվա նկարներն ու տեսանյութերը։
Պատերազմի օրերին ընտանիքը միշտ խոսել է Էդվարդի հետ, անգամ հենց դեպքի օրը՝ առավոտյան են խոսել։ Սակայն չէին կարող պատկերացնել, որ իրենց Էդոյի հետ խոսում են վերջին անգամ։
Մայրն ասում է՝ այսօր իր քայլերի մեջ շատ զգույշ է, մի բան անելիս առաջինը մտածում է՝ Էդվարդի դուրը կգա՞ր։ Պատմում է, որ տղայի գերեզմանին այցելելիս, երբ բարձր լաց է լինում, անմիջապես մտածում է, որ Էդվարդը չէր ուզի այդպես աներ։
«Միշտ կըսեմ, թե սաղ կյանքդ երկաթների հետ կռիվ տվեցիր, դու ըդտեղ ի՞նչխ ողջ չմնացիր, Էդո․․․»,- եզրափակեց մայրը։
Լուսինե Հակոբյան