«Ժողովրդի կողմից ընտրված և լեգիտիմ իշխանությունների առաջ վերջնագրեր դնել ուղղակի անթույլատրելի է, առավել ևս, հաշվի առնելով, թե այդ վերջնագրեր սահմանող քաղաքական ուժերը ովքեր են և քաղաքական ինչ հետագիծ ունեն»,- ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուրադ Աղաջանյանը Հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում։
Խոսելով ընդդիմադիր կուսակցությունների կողմից առաջադրված վարչապետի թեկնածուի մասին՝ Էդուարդ Աղաջանյանն ասաց․
«Նախևառաջ պետք է հաշվի առնել, թե 17 կամ 16 կուսակցությունների շարքում որ կուսակցությունները կան, և որ կուսակցություններն են առաջադրում պարոն Մանուկյանին։ Ընդամենը 3 կուսակցությունների անուն տամ 16-ի շարքում, որոնց առկայությունը հօդս է ցնդեցնում այդ պնդումները։ Խոսքը Հանրապետական կուսակցության, Բարգավաճ Հայաստան կուսակցության և Հայ հեղափոխական դաշնակցության մասին է, որոնք առանցքային այն ուժերն են, որ առաջադրել են պարոն Մանուկյանին, որպես վարչապետի թեկնածու»։
Նրա խոսքով՝ պնդել, թե Վազգեն Մանուկյանը նեյտրալ թեկնածու է, անհեթեթություն է։
«Ուզում եմ հիշեցնել, որ Վազգեն Մանուկյանը համարվում է «Վերնատուն» կոչված ակումբի հիմնադիր, որը մեղմ ասած ապաքաղաքական չէ և ունի հստակ քաղաքական դիրքորոշումներ, որոնց մասին տարբեր առիթներով և տարբեր ժամանակներ քաղաքական հայտարարություններ է արվել։ Կարծում եմ՝ տեղին չէ խոսել Վազգեն մանուկյանի քաղաքական նեյտրալության մասին»,- ասաց Էդուարդ Աղաջանյանը։
Հիշեցնենք, որ ընդդիմադիր 16 կուսակցությունները օրեր առաջ ներկայացրին իրենց կողմից առաջարկվող վարչապետի թեկնածուին, ով Վազգեն Մանուկյանն է։ Ընդդիմությունը նաև վերջնագիր է ներկայացրել, ըստ որի, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական ներկայացնի մինչև դեկտեմբերի 8-ը։