Ադրբեջանը Ղարաբաղի վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը ընդունում է որպես սովորական թուղթ: Այս մասին РИА Новости-ին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
«Նախ և առաջ մենք կցանկանայինք շեշտել, որ Ադրբեջանի համար այս բանաձևը ոչ այլ ինչ է, քան սովորական թուղթ: Այս բանաձևը միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի կոպիտ խախտում է։ Այն լուրջ հարցեր է առաջացնում Ֆրանսիայի մտադրությունների և օբյեկտիվ գործունեության հետ կապված և՛ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, և՛ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ », – ասել է Հաջիևը:
Հաջիևը հավելել է, որ Բաքուն այս բանաձևի ընդունումը համարում է «որպես շատ ամոթալի քայլ ֆրանսիական քաղաքականության և պառլամենտարիզմի համար»:
«Ֆրանսիայի կառավարությունը պետք է արտահայտի իր պաշտոնական դիրքորոշումը նման սադրիչ քայլերի անթույլատրելիության վերաբերյալ և աջակցություն հայտնի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը՝ ընդունելով բանաձևը դատապարտող հայտարարություն», – ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ֆրանսիայի Սենատում քվեարկության է դրվել Արցախի ճանաչմանն ուղղված բանաձևը: Երկար քննարկումներից ելույթներից հետո բանաձևը դրվեց քվեարկության եւ ստացվեց հետեւյալ պատկերը. 336 հոգի մասնակցեց քվեարկությանը, որից ընդունման համար կողմ քվեարկեց 306 հոգի, մեկ հոգի ձեռնպահ, մնացածը՝ դեմ: Բանաձևի քվեարկությունից հետո երկար ժամանակ ծափահարությունները չէին դադարում:
Այս քվեարկությունից հետո բանաձևը պետք է քննարկվի նաև Ֆրանսիայի խորհրդարանում, եթե ընդունվի նաև նրանց կողմից, ապա պետք է ստորագրի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Հիշեցնենք, որ բանաձևը ստորագրել էին Սենատի առաջին ամեմախոշոր 5 քաղաքական խմբակցությունների նախագահները, ինչը խորհրդանշում է Ֆրանսիայի Սենատում Արցախի անկախության մասին համընդհանուր միաձայնությունը։