Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դեկան, իրավագիտության թեկնածու Կարեն Սարդարյան

ՄԵՆՔ ԼՈՒՐՋ ԱՍԵԼԻՔ ՈՒ ԱՆԵԼԻՔ ՈՒՆԵՆՔ

-Պարոն Սարդարյան, ինչպե՞ս կգնահատեք ներկայումս իրավաբանական կրթության վիճակը մեր երկրում և կարո՞ղ եք մատնանշել այն հիմնական խնդիրները, որոնք ներկայումս գոյություն ունեն իրավաբանական կրթական համակարգում, մասնավորապես, Ձեր կողմից ղեկավարվող ֆակուլտետում և ըստ Ձեզ, որո՞նք են դրանց լուծման ճանապարհները:

 

-Խորհրդային Հայաստանում իրավաբանական կրթություն տվող միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետն էր, որը իր արջև դրված այդ պարտականությունը իրականացնում էր պատշաճ մակարդակով` ապահովելով բարձր որակ: Յուրաքանչյուր տարվա կտրվածքով ֆակուլտետի կողմից թողարկվող շրջանավարտների քանակը ապահովում էր հանրապետության այդ տարվա իրավաբան մասնագետների պահանջարկը և զբաղվածության խնդիր գրեթե չէր առաջանում:

Ներկայումս իրավիճակը արմատապես փոխվել է: Գոյություն ունեն իրավաբանական մասնագիտություն ուսուցանող բազմաթիվ բուհեր և ֆակուլտետներ: Ինչպես ցանկացած ոլորտում, այդպես էլ, բնականաբար, իրավաբանական կրթության բնագավառում մրցակցությունը, որպես կանոն, հանդիսանում է դրական գործոն և նպաստում է ուսուցման որակի բարձրացմանը: Սակայն ՀՀ-ում այդ հարցի շուրջ անհրաժեշտ է արտահայտվել որոշ վերապահումով: Բանն այն է, որ ցավոք ոչ բոլոր ուսումնական հաստատություններում է ապահովվում իրավաբանական կրթության ոչ միայն բարձր, այլ նույնիսկ անհրաժեշտ նվազագույն որակը: Բացի այդ՝ լուրջ և, կարելի է ասել, ներկայումս անլուծելի խնդիր է իրավաբանական կրթություն ստացած բոլոր շրջանավարտների համար իրենց մասնագիտությանը համապատասխան աշխատանք գտնելու հարցը:

Այս առումով ապագա ուսանողների համար կենսական կարևորություն է ստանում բուհի ճիշտ ընտրության հարցը: Ըստ ինձ՝ բարձրակարգ իրավաբանական կրթություն տալու համար բուհը պետք է ոչ միայն ունենա համապատասխան լիցենզավորում, այլ նաև համապատասխանի որոշակի չափանիշների: Առաջին հերթին անհրաժեշտ է ընդունելության քննությունների օբյեկտիվ և անաչառ համակարգ, որը կապահովի ապագա ուսանողների որակը: Այնուհետև՝ պետք է ապահովվի պրոֆեսորական դասախոսական անձնակազմի համալրումը համապատասխան գիտական կոչում և աստիճան ունեցող, իրավագիտության բնագավառում իրենց խոսքը ասած, ճանաչում ստացած գիտնականներից: Հաշվի առնելով իրավաբանական բուհերի և համապատասխան գիտնականների քանակային հարաբերակցությունը՝ ինձ մոտ հաճախակի հարց է ծագում, թե ովքե՞ր են դասավանդում Հայաստանում գործող բազմաթիվ մասնավոր բուհերում, այն պարագայում, որ երբեմն նույնիսկ պետական բուհերը կադրային հարցերում դժվարություններ են ունենում:

Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանում այս խնդիրը լուծված է: Մեզ մոտ ուսումնական և գիտական պրոցեսներին ներգրավված են տասնչորս իրավագիտության դոկտորներ և շուրջ երկու տասնյակ իրավագիտության թեկնածուներ:

 

-Խնդրում եմ ասել, ըստ Ձեզ արդյո՞ք հայաստանյան իրավաբանական կրթական շուկայում գոյություն ունի՞ մրցակցություն և որքանո՞վ է այն ազդում իրավաբանական կրթության որակի բարձրացման վրա:

 

-Հայաստանի իրավաբանական շուկայում ոչ միայն մրցակցություն գոյություն ունի, այլ այն շատ մեծ ծավալ է ստացել: Արդեն իսկ իրավաբանների քանակը Հայաստանում այնքան շատ է, որ միայն լավագույններն են, որպես կանոն, աշխատանք գտնում ստացված մասնագիտությանը համապատասխան: Մի կողմից սա լավ է, քանի որ իրավաբանական գործունեությամբ զբաղվող մասնագետների որակն է բարձրանում, մյուս կողմից էլ՝ մեծ քանակով մարդիկ գործազուրկ են մնում: Եվ եթե հաշվի առնենք, որ ցավոք, միշտ չէ, որ արդար մրցակցություն է ապահովվում, ապա չի բացառվում, որ նույնիսկ լավ մասնագետները այս հարցում խնդիրներ ունենան: Ինչ վերաբերում է իրավաբանական կրթության որակին, ապա այստեղ, կրկնում եմ, որակն առաջին հերթին կախված է դասախոսից, որակ ապահովելու նրա կարողությունից և հետո միայն ծրագրայինից, կազմակերպական և այլ գործոններից:

 

-Ըստ Ձեզ, այսօր Հայաստանի իրավաբանական կրթական համակարգը որքանո՞վ է ինտեգրացված միջազգային իրավաբանական կրթական համակարգում: Եվ այս առումով ի՞նչ հնարավորություններ է ստեղծում Ձեր համալսարանի իրավագիտության ֆակուլտետն իրավաբան ուսանողների համար արտասահմանյան բուհերում ուսումը շարունակելու և արտասահմանյան հայտնի իրավաբանական դպրոցներից, թեկուզև կարճ ժակետներով, իրավաբան դասախոսներ ներգրավելու ուղղությամբ:

 

-ՌՀՍՊՀ համար կարող եմ ասել, որ մենք մաքսիմալ հնարավորինս ինտեգրված ենք միջազգային իրավաբանական կրթական համակարգին: Մենք արդեն անցել ենք Բոլոնյան համակարգի պահանջներով ուսուցմանը: Մենք այդ պահանջներին ձգտում ենք ոչ միայն ֆորմալ համապատասխանել, այլ նաև որակ ապահովել: Այստեղ առաջնային է լեզվի տիրապետումը: Ինչպես գիտեք՝ մեզ մոտ դասավանդումը ռուսերենով է, որոշ առարկաներ հայերեն են դասավանդվում, որպեսզի մասնագիտական հայերենին ուսանողները տիրապետեն, իսկ հիմա արդեն որոշ առարկաների՝ օտար լեզվով դասավանդումն է ներդրվում: Լեզուների ուսուցման որակի բարձրացման ուղղությամբ ևս լուրջ քայլեր են կատարված մեր համալսարանում: Բացի նրանից, որ օտար լեզուները մեր ուսումնական ծրագրի մեջ են մտնում, մենք ունենք նաև լեզվի կենտրոն, որտեղ ուսանողները լրացուցիչ գիտելիքներ են ստանում, բարձրացնում են լեզվի իմացության մակարդակը: Որպես դրա օրինակ՝ կարող եմ ասել, որ վերջին երեք տարվա ընթացքում իրավաբանական ֆակուլտետի ուսանողները, հաղթելով ներպետական Ջեսափի մրցույթը, ներկայացրել են Հայաստանը Վաշինգթոնում և անգլերենով են ելույթ ունեցել: Եվ ամեն տարի արդյունքը լավացնելով՝ օրինակ՝ գրավոր փուլում նախորդ տարի նրանք տասնվեցերորդն էին: Իսկ այս տարի Կանադայի թիմը, որը երկրորդ տեղը գրավեց մրցույթում, անհատական պայքարի մեջ մեր թիմին պարտվել էր:

Համագործակցությունը շատ սերտ է ռուսական բուհերի հետ: Մենք համագործակցության պայմանագրեր ունենք Ռուսաստանի առաջադեմ բուհերի հետ: Մասնավորապես, Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի հետ ունենք նման պայմանագիր, և Մոսկվայի պետական համալսարանի դասախոսները ամեն տարի գարնանը այստեղ դասընթացներ են անցկացնում: Սա արդեն ավանդույթ է դարձել: Ունենք ուսանողների փոխանակման ծրագրեր, օրինակ՝ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանի ուսանողները անցած տարի մեզ մոտ անցան դասընթացներ, այնուհետև մեր ուսանողները մեկնեցին Մոսկվա: Այս տարի սպասում ենք Կեմերովոյի պետական համալսարանի տաս ուսանողների, որոնք մեզ մոտ դասընթացներ են անցնելու:

Նման օրինակները բազմաթիվ են, անում ենք նաև լուրջ գիտական համատեղ ծրագրեր: Մեզ մոտ այժմ բացվում է համեմատական իրավագիտության կենտրոն, որը բացվելու է ռուսական մի քանի հաստատությունների հետ համատեղ, մասնավորապես, կենտրոնը համագործակցելու է ռուսական կառավարությանը կից գործող Համեմատական իրավագիտության և օրենսդրության ինստիտուտի հետ, ինչպես նաև Ռուսաստանի ազգային ակադեմիայի իրավունքի ինստիտուտի և այլ բուհերի հետ: Ընդհանրապես, մեր բուհը կարող է այս բնագավառում լուրջ դերակատարում ունենալ: Այսինքն՝ համեմատելով տարբեր երկրների իրավական համակարգերը՝ գտնել այլ երկրներում առկա դրականը և փորձել լրացնել մեզ մոտ եղած բացը:

Այս ծրագրի շրջանակում արդեն կլոր սեղան է կազմակերպվել Ռուսաստանի ազգային ակադեմիայի իրավունքի ինստիտուտի դոկտոր-պրոֆեսոր Ա.Վ. Մալկոյի ղեկավարությամբ: Շուտով կհրատարակվի գիտական հոդվածների ժողովածուն:
Մեր դասախոսները ևս հաճախ մասնակցում են տարբեր գիտաժողովների: Եվ մեր համալսարանի ղեկավարությունը մշտապես աջակցում է այս կապերի ստեղծմանն ու զարգացմանը:

Մեր բուհի ուսանողները զուգահեռ ուսումնասիրում են և ՀՀ և ՌԴ օրենսդրական դաշտերը: Եվ այստեղ մենք լուրջ ասելիք ու անելիք ունենք: Այդ առումով էլ մեր ռուսական գործընկերների համար հետաքրքրություն ենք ներկայացնում, որովհետև օրենսդրության որոշ ճյուղերով Հայաստանը լուրջ առաջընթաց ունի ԱՊՀ երկրների մեջ: Եվ վերոնշյալ կենտրոնի ստեղծումն էլ համատեղ հետաքրքրությունների արդյունք էր:

Բուհն արդեն անցել է ուսուցման եռաստիճան համակարգի: Մենք ընդունելություն ենք կատարել մագիստրատուրայի չորս ուղղություններով՝ քրեական իրավունք, կոմերցիոն/ձեռնարկատիրական իրավունք, միջազգային/եվրոպական իրավունք, սահմանադրական/մունիցիպալ իրավունք: Արդեն պլանավորում ենք ևս երեք ուղղություններով՝ պետության և իրավունքի պատմության և տեսության, քրեական դատավարության/կրիմինալիստիկայի և քաղաքացիական դատավարության ուղղություններով մագիստրատուրայի բացումը: Մագիստրանտների քանակի սահմանափակում մենք չունենք, սահմանափակ է միայն պետպատվերը: Այս տարի երեսունչորս մագիստրանտ ունենք պետպատվերի շրջանակներում: Ասպիրանտուրա ունենք միջազգային/եվրոպական իրավունք ուղղությամբ, պետության և իրավունքի տեսություն, սահմանադրական/մունիցիպալ իրավունք, քրեական իրավունք, քաղաքացիական իրավունք և քրեական դատավարություն ուղղություններով: Այստեղ հինգից յոթ տեղ տրամադրվում է պետպատվերի շրջանակներում՝ Ռուսաստանի կրթության նախարարության կողմից:

Այս տարի իրավաբանական ֆակուլտետում ևս ներդրվեց կրեդիտային, ռեյտինգային համակարգը, որը նախատեսում է, որ ուսանողը ողջ կիսամյակի ընթացքում պետք է աշխատի, հակառակ դեպքում՝ նա չի կարողանա հավաքել իր կրեդիտը: Այն ունի մեծ առավելություններ, քանի որ նախորդ համակարգի դեպքում ուսանողը կարող էր ոչ ակտիվ լինել և վերջին մի քանի օրվա ընթացքում փորձեր յուրացնել առարկան: Բնականաբար, որակը չէր կարող բարձր լինել, արագ յուրացված նյութը շատ արագ մոռացվում էր: Իսկ հիմա ուսանողն առաջին օրվանից պարտավոր է սովորել: Ի դեպ՝ ուսանողները զգացին համակարգի առավելությունները և մեծ հետքրքրությամբ սովորում են, ստուգում իրենց ռեյտինգը, ձգտում այն բարձրացնել, և տիրում է առողջ մրցակցություն:

 

-Ինչպե՞ս կգնահատեք ներկայումս ՀՀ դատաիրավական համակարգի վիճակը:

 

-Դատաիրավական համակարգի վիճակի մասին վերապահումով կարող եմ խոսել: Համակարգի հետ առնչվում եմ նաև որպես պրակտիկ իրավաբան, չնայած՝ բարեփոխումներին անմիջական մասնակցություն չեմ ունեցել:

Այս բարեփոխումների մեջ ինձ անհանգստացնում է այն, որ մենք դրանք շատ արագ ենք անում: Հաճախ նույնիսկ չենք կարող տեսնել, թե նախկին ռեֆորմն ինչ արդյունքներ բերեց: Պետք է գնահատենք նախորդը, հասկանանք, նոր ինչ-որ բան փոխենք: Կան ոլորտներ, որ դեռ արդյունքը չտեսած, նորից լուրջ փոփոխություններ են իրականացվում: Ընդհանուր առմամբ ռեֆորմներին դրական եմ վերաբերվում, բայց այն բանին, թե ինչպես են դրանք իրականացվում Հայաստանում, վերաբերվում եմ վերապահումով: Կարելի է աստիճանաբար կատարել անցումը համակարգերի միջև: Եթե մի համակարգում ինչ-որ տարր փոխում ենք, դա ողջ համակարգն է դնում տրանսֆորմացիայի անհրաժեշտության առաջ, և մենք կանգնում ենք լուրջ, համակարգային բնույթի հիմնախնդիրների առաջ:

Վերջին տարիներին ամբողջ աշխարհում գործընթացներ են գնում տարբեր իրավական համակարգերի՝ միմյանց մոտեցման ուղղությամբ: Նույն Ռոմանոգերմանական և Անգլոսաքսոնական համակարգերը, որոնք լուրջ տարբերություններ են ունեցել, իրավական գլոբալիզացիայի ընթացքում իրար մոտենալու միտումներ ունեն: Երևի կգա ժամանակ, երբ ամբողջ երկրագնդի վրա կլինի մեկ իրավական համակարգ: Ամեն ինչ պետք է անել աստիճանաբար, համակարգային կերպով:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել