Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի տեսաուղերձը՝ ստեղծված իրավիճակի և անելիքների մասին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեսաուղերձով է դիմում բոլոր հայրենակիցներին․

«Թանկագի՛ն հայրենակիցներ, Մայր հայրենիքում ու Սփյուռքում ապրող քույրեր և եղբայրներ։ Դիմում եմ ձեզ հատուկ տեսաուղերձով՝ ստեղծված իրավիճակի և մեր անելիքների վերաբերյալ»։

Նա մասնավորապես ասաց․

«Ուզում եմ ձեզ դիմել հերթական կարևոր կոչով։

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկչության կողմից Արցախի և հայ ժողովրդի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմը շարունակվում է։ Պաշտպանության բանակն այդ ընթացքում շարունակում է հերոսաբար դիմադրել և ուժգին հակահարվածներ հասցնել թշնամուն՝ պատճառելով նրան մարդկային և զինտեխնիկայի ահռելի կորուստներ։

Մարտերի ընթացքում իրենց լավագույնս են դրսևորել Հայաստանից և Սփյուռքից ժամանած մեր հայրենակիցները։ Հատուկ ուզում եմ ընդգծել հայրենիքի պաշտպանության գործում մեծ ներդրումներ ունեցած և պատերազմական հարուստ փորձ ունեցող մեր մարտական ընկերների մասնակցությունը, ինչպես նաև ժամկետային և մեր հերոս երիտասարդների։

Մենք տեսնում ենք նաև Ռուսաստանի Դաշնության և միջազգային հանրության ակտիվ ջանքերը՝ պատերազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ, և բարձր ենք գնահատում այդ առաքելությունը։ Եվ գիտեք, վերջերս եռակողմ ձևաչափով տեղի է ունեցել հանդիպում՝ Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ, և հայտարարություն է կատարվել՝ գոնե հումանիտար հրադադարի հետ կապված և հետագայում վերսկսել բանակցությունները։

Բայց ինչ է տեղի ունեցել։ Հակառակորդը հակառակը՝ օգտվելով առիթից, արդեն այդ հայտարարության հաջորդ օրվանից սկսել է մարտական գործողություններ, համարյա ճակատի ամբողջ երկայնքով՝ մանավանդ հարավային ուղղությամբ։ Եվ հակառակորդին հաջողվել է ինչ-որ տեղ մխրճվել, ինչ-որ տեղ ունենալ առավելություններ և օր օրի ճակատը տեղափոխել ավելի խորը տարածքներ։ Հասկանում ենք, որ հակառակորդին ստիպել զինադադար՝ ունենք ընդամը մի ճանապարհ՝ պարտադրել զինադադար։ Մենք կողմ ենք առանց նախապայմանների սկսել մեր ստանձնած հումանիտար առաքելության առոմով պատասխանատվությունը և հետագայում շարունակել բանակցությունները՝ խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ, չնայած արդեն իսկ անհնարին է խաղաղ ճանապարհով։ Բայց ուշ չէ։

Չնայած նորից եմ նշում՝ հակառակորդը ընտրել է այլ ճանապարհ։ Ընտրել է ոչ թե Ղարաբաղյան խնդրի լուծման ճանապարհը, այլ բնաջնջելու առաջին հերթին արցախահայությունը, հետո՝ հաջողության դեպքում նաև Հայաստանը։ Այդ ձեռագիրը մենք տեսնում ենք, մանավանդ կողմերը, որոնք շահագրգռված են։

Մենք ավելի ծանր ժամանակներ էլ ենք ունեցել՝ 92-94 թվականին, երբ մարտական գործողություններ են ընթանում Գանձասարի մատույցներում, Ասկերանի, Մարտունու, Հադրութի և այլն։ Մեզ հաջողվել է հաղթել, որովհետև հավատում էինք հաղթանակին։ Այսօր էլ հավատում ենք, այսօր էլ հավատում ենք, որ հաղթելու ենք։ Մեզ պետք է համախմբվել, մեզ պետք է միավորվել, և ամենակարևորը՝ մասնակցել մարտական գործողություններին։ Ակնկալում եմ իմ եղբայրների ակտիվ մասնակցությունը, սփյուռքում ապրող ղարաբաղցիների, Հայաստանում ապրող մեր եղբայրների։ Օրհասական պահն է այսօր։ Հայրենիքը պահելու և չպահելու։ Պատվով ապրելու՝ փոխարենը անպատիվ ապրելու իրավունքից հրաժարվելու։ Մենք պետք է պատվով շարունակենք ապրել։ Դրա համար կոչ եմ անում ոչ միայն նյութական, շատ կարևոր է, շնորհակալություն բոլորից, բայց նաև ֆիզիկական մասնակցությունը։ Մենք դրա կարիքը զգում ենք։

Շնորհակալություն։ Մենք հաղթելու ենք»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել