Հանրային քննարկում՝ «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիր» նախագծի շուրջ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից մարտի 28-ին անցկացվեց «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիր» նախագծի շուրջ հանրային քննարկումների 2-րդ փուլը, որի ընթացքում մասնակիցների ուշադրությանը ներկայացվեց նախագծի` պետական, միջազգային ու հասարակական կառույցների, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մասնակցությամբ լրամշակված նախագծի տեքստը: Այդ մասին  հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը ողջունեց ներկաներին հանդիպմանը մասնակցելու համար և նշեց, որ քննարկումը միտված է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի բարելավման ուղղությամբ հստակ առաջարկներ ստանալուն: «Այս քննարկման անմիջականությունից է կախված ռազմավարության նոր առաջարկներով համալրման արդյունավետությունը»,- ասաց Կիրակոսյանը՝ հույս հայտնելով ստանալ կառուցողական առաջարկներ ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը ավարտուն տեսքի բերելու համար:

ԵԱՀԿ Մարդու իրավունքների ծրագրի պատասխանատու Վլադիմիր Չունտուլովի խոսքով՝ մարդու իրավունքների պաշտպանության խթանումը մնում է ԵԱՀԿ գործունեության կարևոր դրույթներից մեկը: «Այն հասարակությունը, որը տեղյակ է մարդու իրավունքների պաշտպանությունից, հակված է նաև այդ իրավունքները պաշտպանելուն»,-նշեց Չունտուլովը՝ ընդգծելով, որ ԵԱՀԿ անդամ 57 պետությունները ստանձնել են պարտավորություններ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: «Այդ իրավունքները չեն հանդիսանում պետության միայն ներքին խնդիրը, այլ դիտարկվում են մարդու իրավունքների պաշտպանություն՝ համընդհանուր համակարգում: Պետք է ձևավորվի մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր մշակույթ, քանի որ դա միայն մեկ աշխատանքային խմբի և իշխանության երեք ճյուղերի աշխատանքը չէ, այլ հասարակության ընդհանուր օրակարգը»,- շեշտեց ԵԱՀԿ ներկայացուցիչը՝ վստահեցնելով, որ ԵԱՀԿ-ն պատրաստակամ է օժանդակելու Հայաստանին այս գործընթացում:

Հանրային քննարկմանը մասնակցող պետական, հասարակական ու միջազգային կառույցների ներկայացուցիչներն իրենց բանավոր նկատառումները ներկայացրեցին Ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի վերաբերյալ, որոնց մի մասը նախարարի տեղակալի հավաստմամբ, կքննարկվեն ու կընդգրկվեն ծրագրում: Հասարակական և միջազգային կազմակերպություններն իրենց գոհունակությունը հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարությանը՝ իրենց առաջարկները գնահատելու և գործողությունների ծրագրում մեծամասամբ ընդգրկելու կապակցությամբ:

«Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիր» նախագծի շուրջ հանրային քննարկումների 2-րդ փուլի նպատակն էր` վերոնշյալ կառույցների հետ համատեղ աշխատանքի արդյունքում ստանալ հանրության կողմից ընդունելի, մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված իրատեսական միջոցառումներ նախատեսող փաստաթուղթ:

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը հաստատելու մասին ՀՀ նախագահի 29.10. 2012 թվականի թիվ ՆԿ-159-Ն կարգադրությունն ուժի մեջ է մտել 2012 թվականի նոյեմբերի 17-ին: Ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի ընդունումը կնպաստի Հայաստանում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների երաշխավորման, ապահովման և պաշտպանության ամրապնդմանը, ազգային օրենսդրության մեջ և իրավակիրառ պրակտիկայում մարդու իրավունքների պաշտպանության չափանիշների երաշխավորմանը, մարդու իրավունքների պաշտպանության առավել հետևողական եւ համակարգված քաղաքականության իրականացմանը:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել