Հայտարարագիրն ուշ ներկայացնելու համար Ա/Ձ-ն ենթարկվել է պատասխանատվության

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Կոտայքի տարածքային հարկային տեսչությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Ա/Ձ Սամսոն Գրիգորյանի` Ա/Ձ Սամսոն Գրիգորյանի 20.000 ՀՀ դրամ բռնագանձելու համար վճարման կարգադրություն արձակելու պահանջի մասին։

Հայցվորը, դիմելով դատարան, հայտնել է, որ 2011թ.-ի պարտադիր սոցիալական ապահովության վճարի տարեկան եկամուտների մասին հայտարարագիրն օրենքով սահմանված ժամկետից ուշ ներկայացնելու փաստի կապակցությամբ Ա/Ձ Սամսոն Գրիգորյանի նկատմամբ 20.03.2012 թվականին հարուցվել է վարչական իրավախախտման գործի վարույթ և 26.03.2012 թվականին կայացվել է վարչական պատասխանատվության ենթարկելու մասին թիվ 198317 որոշումը։ Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 169.1 հոդվածի 2-րդ մասի նրա նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 20.000 դրամի չափով։

Պատասխանող Ա/Ձ Սամսոն Գրիգորյանը 27.06.2012 թվականին հակընդդեմ հայց է ներկայացրել Դատարան` խնդրելով վերացնել վարչական ակտը՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ Կոտայքի տարածքային հարկային տեսչության կողմից կազմված վարչական իրավախախտման արձանագրությունը և դրա հիման վերաբերյալ կայացրած որոշումը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։

Սույն գործով Դատարանը հանգեց հետևության, որ հայցը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ:

Տվյալ դեպքում այն փաստը, որ Ա/Ձ Սամսոն Գրիգորյանը 2011թվականի պարտադիր սոցիալական ապահովության վճարի տարեկան եկամուտների մասին հայտարարագիրը ներկայացրել է Կոտայքի ՏՀՏ օրենքով սահմանված ժամկետից ուշ, հաստատվում է 20.03.2012 թվականին կազմված թիվ 184 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ։

Ելնելով վերոգրյալից՝ Դատարանը գտել է, որ պատասխանող Ա/Ձ Սամսոն Գրիգորյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի պետք է բռնագանձել` որպես ՀՀ ԿԱ ՊԵԿ Կոտայքի տարածքային հարկային տեսչության պետի` ՀՀ ԿԱ ՊԵԿ Կոտայքի ՏՀՏ պետի 26.03.2012 թվականի թիվ 198317 որոշմամբ նախատեսված 20.000 ՀՀ դրամ տուգանքի գումար։

Ուստի դատարանը վճռեց հայցը բավարարել: Սույն դատական ակտի դեմ պատասխանողի կողմից բերվել է վերաքննիչ բողոք:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել