Ո՞րն է քաղաքապետարանի սխալը

«Ավարայր» ՍՊԸ-ի տնօրեն Արկադի Սահակյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` Երևանի քաղաքապետարանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի աշխատակից Հ. Գևորգյանի կողմից կազմված թիվ 002810 արձանագրությունը ոչ իրավաչափ ճանաչելու և վերացնելու, որպես հետևանք Երևանի քաղաքապետի 27.12.2011թ. թիվ Վ-42/7 որոշումը, 10.01.2012թ. Երևանի քաղաքապետարանի ՔՀՎ վարչության տարածքային բաժնի գլխավոր մասնագետ Կարեն Բադեյանի կողմից կազմված 004876 արձանագրությունը, նոր վարչական վարույթ հարուցելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հ.Ասատրյանի ստորագրությամբ 30.12.2011թ. ծանուցումը անվավեր ճանաչելու պահանջների մասին։

Հայցվոր Արկադի Սահակյանը հայտնել է, որ 2011 թվականի դեկտեմբերի քսանյոթին Երևանի քաղաքապետի թիվ Վ-42/7 որոշմամբ «Ավարայր» ՍՊԸ-ի տնօրեն Արկադի Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական տույժ և նշանակվել տուգանք 200 հազար ՀՀ դրամի չափով։ Նշված որոշման համար հիմք է ծառայել Երևանի քաղաքապետարանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի աշխատակից Հ.Գևորգյանի կողմից կազմված 002810 արձանագրությունը, ըստ որի «Ավարայր» ՍՊԸ ընկերությունը սեփականության իրավունքով իրեն պատկանող ք.Երևան, Բյուզանդի 1 հասցեում գտնվող տարածքում ինքնակամ իրականացրել է աստիճանավանդակի վերակառուցման աշխատանքներ։

10.01.2012 թվականին Երևանի քաղաքապետարանի ՔՀՎ Վարչության տարածքային 3 բաժնի գլխավոր մասնագետ Կարեն Բադեյանի կողմից կազմվել է 004876 արձանագրությունը, ըստ որի 2011 թվականի դեկտեմբերի քսանյոթին Երևանի քաղաքապետի թիվ Վ42/7 որոշմամբ «Ավարայր» ՍՊԸ տնօրեն Արկադի Սահակյանի նկատմամբ կիրառված վարչական տույժից հետո վերոհիշյալ տարածքում շարունակվել են աստիճանավանդակի վերակառուցման շինարարական աշխատանքերը։ Վերոհիշյալ արձանագրության հիման վրա 30.12.2011 թվականին ծանուցում է ելք արվել և ուղարկվել Ա.Սահակյանին, որում ամրագրվել է, որ աստիճանավանդակի վերակառուցումն շարունակելու համար կրկին անգամ հարուցվել է վարչական վարույթ և այն նշանակվել է 16.01.2012 թվականին։

Դատարանի եզրակացմամբ՝ տվյալ դեպքում դատարանին ներկայացված սեփականության վկայականի պատճենի հետազոտմամբ «Ավարայր» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շինությունը բազմաբնակարան շենք չի հանդիսանում։ Նման պայմաններում դատարանը եզրակացրել է, որ տվյալ դեպքում հայցվորի արարքը չի կարող որակվել որպես Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ տեսակի իրավախախտում, այն` ինքնակամ կառույցի բազմաբնակարան շենքում կամ շենքերին կից կատարված։

Դատարանը վճռեց հայցը բավարարել. վերացնել Երևանի քաղաքապետի 27.12.2011թ. թիվ Վ-42/7 որոշումը։

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել