Մարտակերտի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք և վատնում կատարելու մեջ

«Մարտակերտի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ տնօրեն Կարեն Շախնումանցը, հանդիսանալով պաշտոնատար անձ, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական լիազորությություններով, շահադիտական շարժառիթով, 2011-2012թթ. ուսումնական տարում կազմավորել է վոլեյբոլի կեղծ խմբակ և նախապես տեղյակ լինելով մարզիչների կողմից պարապմունքները չկազմակերպելու մասին, որպես աշխատավարձ է ձևակերպել ու վճարել 242.112 դրամ գումար` պաշտոնեական դիրքի օգտագործմամբ վատնման եղանակով պետությանը պատճառելով հիշյալ չափով գույքային վնաս:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության փոխանցմամբ` նույն անձը 2012-2013թթ. ուսումնական տարում կազմավորել է հրաձգության երկու կեղծ խմբակ և նախապես տեղյակ լինելով մարզիչների կողմից պարապմունքները չկազմակերպելու մասին, որպես աշխատավարձ է ձևակերպել ու վճարել 164.837 դրամ գումար` պաշտոնեական դիրքի օգտագործմամբ վատնման եղանակով պետությանը պատճառելով հիշյալ չափով գույքային վնաս:

Փաստի առթիվ 23.03.2013թ. ԼՂՀ ԿԱ ոստիկանության քննչական վարչության ՀԿԳ քննչական բաժնի կողմից հարուցվել է թիվ 131011.13 քրեական գործը` նախատեսված ԼՂՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով /Յուրացնելը կամ վատնելը/ և 314-րդ հոդվածով /Պաշտոնեական կեղծիքը/:

Քրեական գործով հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացվում է ԼՂՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, կազմակերպված, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի կողմից:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել