«Վայոց ձոր» թերթի խմբագրության դեմ բերված հայցը մերժվեց

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Եղեգնաձորի տարածքային հարկային տեսչությունը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ «Վայոց ձոր» թերթի խմբագրություն» հասարակական ծառայությունների ձեռնարկության՝ հօգուտ ՀՀ պետական բյուջեի 513.555 դրամ բռնագանձելու պահանջի մասին:

Տեսչությունում հաշվառված պատասխանողի հարկային պարտավորությունը 15.02.2011 թվականի դրությամբ կազմում է 513.555 ՀՀ դրամ, որից պարտադիր սոցիալական ապահովության վճարի ապառքը` 204.900 դրամ, տույժը` 308.655 դրամ:

Պատասխանողի կողմից ներկայացված առարկություններում նշվել է, որ իր դիտարկմամբ անհավանական է, որ 1996-2001 թվականներին կուտակվեր խմբագրության հաշվեկշռում 204.900 դրամ սոցվճարի պարտք, ապա դրան գումարվեր 308.655 դրամ տույժ-տուգանք` ընդամենը երկու աշխատանքային հաստիքի պարագայում (խմբագիր, հաշվապահ):

Վարչական դատարանը գտել է, որ պատասխանողը, որպես իրավաբանական անձ, ստեղծվել է մինչև ՀՀ գործող քաղաքացիական օրենսգրքի ուժի մեջ մտնելը և նրա կազմակերպական-իրավական տեսակը նախատեսված չէ նույն օրենսգրքի 5-րդ գլխով: Հետևաբար, վերջինս «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի ուժով լուծարվել է, որպիսի փաստի մասին վկայում է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում պատասխանողի վերաբերյալ որևէ տեղեկատվության բացակայությունը, ինչպես նաև ՀՀ Վայոց Ձորի մարզպետ Պ.Մանուկյանի 16.03.2001 թվականի թիվ 21 որոշումը:

Հետևաբար, հայցվոր Տեսչությունն իրավասու չէ գումարի բռնագանձման հայց ներկայացնել արդեն իսկ լուծարված պատասխանողի դեմ, քանի որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 7-րդ մասի ուժով պատասխանողի լուծարումից հետո հարկային պարտավորությունների հայտնաբերման դեպքում, հարկային մարմնի ներկայացրած հայցի հիման վրա, դրանք դատարանի որոշմամբ կարող են դրվել այդ իրավաբանական անձի որոշումների ընդունման վրա ազդելու հնարավորություն ունեցող սեփականատերերի և (կամ) ղեկավար մարմնի անդամների վրա` լուծարմանը նախորդած մեկ տարվա ընթացքում հարկային մարմնից թաքցրած հարկման օբյեկտներից վճարման ենթակա հարկային պարտավորությունների չափով, եթե նշված պարտավորությունները ծագել են այդ անձանց գործողությունների կամ անգործության հետևանքով:

Ուստի դատարանը վճռեց հայցը մերժել ամբողջությամբ:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել