Երևան քաղաքի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ արդեն հրապարակվել է Ազգային ժողովի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ Վահե Մանուկյանին առաջադրված մեղադրանքով դատավճիռը:
Ըստ մեղադրանքի` նա, հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ, կրթությամբ իրավաբան, 2011 թվականի դեկտեմբերին Արմեն Խալոյանից տեղեկանալով, որ վերջինը խնդիրներ ունի պետական և դատական մարմիններում շահերը պաշտպանելու` նախկինում նրան պատկանող Երևան քաղաքի բնակարանի սեփականության իրավունքը վերականգնելու համար, ներկայացրել է, թե իբր կարող է դատավորին շուրջ 5.000 ԱՄՆ դոլար կաշառք տալով կարգավորել հարցը և ստանալ Արմեն Խալոյանի օգտին վճիռ:
Դրանից հետո 2012 թվականի փետրվարի 23-ին վերջինից այդ պատրվակով խարդախությամբ` խաբեության եղանակով, Երևան քաղաքի «Երիտասարդական» մետրոպոլիտենի մուտքի դիմացի հատվածում պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով` 778.680 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլար` դատական ատյաններում նրա օգտին գործողություններ կատարելու համար, ինչն անմիջապես բացահայտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում:
Ամբաստանյալ Վահե Մանուկյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և դատարանում ցուցմունք է տվել, որ ինքը մասնագիտությամբ իրավաբան է և իր բարեկամներն ու ընկերները հաճախ են դիմել իրեն տարբեր իրավաբանական հարցերով և ինքը փորձել է նրանց ճիշտ խորհուրդներ տալ: Նման իրավիճակ է եղել, երբ իր ընկեր Մերուժան Հակոբյանը զանգահարել է իրեն, և որպես ընկերոջ ու մասնագետի խնդրել է օգնություն ցույց տալ նրա մոտ ընդունելության գնացած Արմեն Խալոյանին:
Դատարանն ուսումնասիրելով գործում առկա նյութերն ու ապացույցները, եկել է այն եզրահանգման, որ Վահե Մանուկյանը, ի սկզբանե նպատակ ունենալով տիրանալ ուրիշի գույքին, խաբեությամբ, 2012 թվականի փետրվարի 23-ին մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի մոտքի մոտ, Արմեն Խալոյանից վերցրել է խոշոր չափ հանդիսացող` 778.680 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլար, ինչը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներին:
Դատարանը գտել է, որ Վահե Մանուկյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է խնամքին 14 տարին չլրացած երկու երեխաների առկայությունը,
պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ պետք է դիտել նաև նախկինում արատավորված` դատապարտված չլինելը և դրականորեն բնութագրվելը:
Դատարանը միաժամանակ արձանագրել է, որ Վահե Մանուկյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան և վճռել է Վահե Մանուկյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և պատիժ նշանակել ազատազրկում` 2 (երկու) տարի ժամկետով:
Աղբյուրը` Իրավաբան.net