Զինվորական վարժանքներից կամ զորավարժություններից խուսափելու համար տուգանք է նախատեսված

Սեպտեմբերի 3-ին կարառավարությունը որոշում է ընդունել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ հայտարարել` երեք ամիս ժամկետով` 2020 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը:

Պահեստազորում հաշվառված քաղաքացիներին վարժական հավաքների կանչելու կարգը և ժամկետները սահմանվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 59-րդ հոդվածով։ Այս հոդվածի համաձայն․

 1. Պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող վարժական հավաքներին կանչվում են պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված պահեստազորայինները:

2. Պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված`

1) շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պահեստազորայինները վարժական հավաքների կարող են կանչվել մինչև չորս անգամ, յուրաքանչյուր դեպքում` մինչև երեք ամիս ժամկետով, բայց ոչ ավելի, քան երեք ամիս մեկ տարվա ընթացքում.

2) ավագ ենթասպայական և սպայական (բացառությամբ բարձրագույն սպայական) կազմերի պահեստազորայինները վարժական հավաքների կարող են կանչվել մինչև երկու անգամ, յուրաքանչյուր դեպքում` մինչև երեք ամիս ժամկետով, բայց ոչ ավելի, քան երեք ամիս մեկ տարվա ընթացքում: Սույն կետում նշված կազմերի` օդաչուական մասնագիտություն ունեցող պահեստազորայինները թռիչքային վարժություններ կատարելու նպատակով լրացուցիչ կարող են կանչվել վարժական հավաքների մինչև երեք անգամ, յուրաքանչյուր դեպքում` մինչև երկու ամիս ժամկետով, բայց ոչ ավելի, քան երկու ամիս մեկ տարվա ընթացքում:

3. Պահեստազորի առաջին խմբի երկրորդ կարգում հաշվառված`

1) շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պահեստազորայինները վարժական հավաքների կարող են կանչվել մինչև վեց անգամ, յուրաքանչյուր դեպքում` մինչև երեք ամիս ժամկետով, բայց ոչ ավելի, քան երեք ամիս մեկ տարվա ընթացքում.

2) ավագ ենթասպայական և սպայական (բացառությամբ բարձրագույն սպայական) կազմերի պահեստազորայինները վարժական հավաքների կարող են կանչվել մինչև երեք անգամ, յուրաքանչյուր դեպքում` մինչև երկու ամիս ժամկետով, բայց ոչ ավելի, քան երկու ամիս մեկ տարվա ընթացքում: Սույն կետում նշված կազմերի` օդաչուական մասնագիտություն ունեցող պահեստազորայինները, թռիչքային վարժություններ կատարելու նպատակով լրացուցիչ կարող են կանչվել վարժական հավաքների մինչև չորս անգամ, յուրաքանչյուր դեպքում` մինչև մեկ ամիս ժամկետով, բայց ոչ ավելի, քան մեկ ամիս մեկ տարվա ընթացքում:

4. Անհրաժեշտության դեպքում, սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն, վարժական հավաքի մեջ ներգրավվելու ժամկետը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է երկարաձգվել մինչև երկու ամիս ժամկետով, ինչպես նաև ավելացվել վարժական հավաքների քանակը` չգերազանցելով վարժական հավաքներում գտնվելու` սույն հոդվածով սահմանված ընդհանուր ժամկետները:

5. Պարտադիր զինվորական ծառայությունից սույն օրենքով սահմանված կարգով արձակված և պահեստազորում հաշվառված պահեստազորայինները կարող են վարժական հավաքի կանչվել զինվորական ծառայությունից արձակվելուց հետո` մեկ տարուց ոչ շուտ:

6. Քաղաքացին վարժական հավաքի կանչվում է իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատի կողմից տրված փաստաթղթային կամ էլեկտրոնային ծանուցման համաձայն: Ծանուցման հիման վրա զինվորական կոմիսարիատ ներկայացած քաղաքացին անցնում է բուժհետազոտում, որի արդյունքներով վարժական հավաքի կանչվելու ենթակա ճանաչվելու դեպքում ուղարկվում է վարժական հավաքի անցկացման վայր:

7. Վարժական հավաքի ընթացքում քաղաքացին համարվում է զինծառայող, գրանցվում է վարժական հավաքի անցկացման վայրի զորամասի անձնակազմի ցուցակներում և վերցվում բոլոր տեսակի բավարարումների, նրան հաշվարկվում է նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափ, ամրակցվում են զենք, զինամթերք և անհատական պաշտպանության միջոցներ, նրա վրա տարածվում են զինծառայողների համար օրենքով սահմանված իրավունքները և պարտականությունները, սոցիալական երաշխիքները, վարժական հավաքի ժամանակահատվածը օրացուցային հաշվարկով ներառվում է քաղաքացու զինվորական ծառայության կամ աշխատանքային ընդհանուր ստաժում:

8. Վարժական հավաքի ավարտման օրը քաղաքացուն տրվում է կարգագիր` յոթնօրյա ժամկետում համապատասխան զինվորական կոմիսարիատում հաշվառման կանգնելու համար:

9. Վարժական հավաքին մասնակցելու ընթացքում քաղաքացու հիմնական աշխատանքի վայրում (անկախ կազմակերպական-իրավական ձևից) պահպանվում է քաղաքացու աշխատատեղը (պաշտոնը): Գործատուի կողմից (անկախ կազմակերպական-իրավական ձևից) սույն մասի պահանջների խախտումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

10. Քաղաքացու կողմից վարժական հավաքից խուսափելը կամ վարժական հավաքի ընթացքում զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

Վրաչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 213.1 հոդվածով սահմանվում են զինվորական վարժանքներից կամ զորավարժություններից խուսափելու համար նախատեսված տուգանքները, ըստ որի․

1. Պահեստազորում հաշվառված զինապարտ քաղաքացու կողմից օրենքով սահմանված կարգով հայտարարված զինվորական վարժանքներից կամ զորավարժություններից խուսափելը, որը կատարվել է զինվորական կոմիսարիատի կողմից տրված ծանուցագրում նշված ժամկետում առանց հարգելի պատճառների զինվորական կոմիսարիատ կամ զինվորական վարժանքների կամ զորավարժությունների անցկացման վայր չներկայանալու ձևով` առաջացնում է տուգանքի նշանակում`30 000 դրամի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում, քաղաքացու կողմից կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 50 000 դրամի չափով:

3. Սույն հոդվածի 1-ին մասի իմաստով հարգելի պատճառներ են համարվում քաղաքացու կողմից բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում հիվանդանոցային պայմաններում բուժման մեջ կամ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվելու, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակությամբ պայմանավորված այլ հանգամանքները կամ այլ օբյեկտիվ պատճառները, որոնք օբյեկտիվորեն հնարավորություն չեն տալիս քաղաքացուն ներկայանալու զինվորական կոմիսարիատ կամ զինվորական վարժանքների կամ զորավարժությունների անցկացման վայր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել