Սեպտեմբերի 22-ին հիվանդանոցից դուրս գրվեց օրեր առաջ՝ սեպտեմբերի 18-ին, «Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծննդաբերությունից հետո մահացած 30-ամյա Սեդա Ասատրյանի նորածին աղջիկը։
Սեդայի հարազատներն իրենց բողոքն են ներկայացնում՝ նշելով, որ ծննդկանը մահացել է ԲԿ-ի բուժական գծով գլխավոր տնօրենի տեղակալ Աշոտ Սիրունյանի սխալի հետևանքով։
Հովհաննես Հարությունյանը՝ Սեդա Ասատրյանի և նրա ամուսնու՝ Գրիգոր Աբրահամյանի ամուսնության կնքահայրը, լրագրոների հետ զրույցում նշեց․ «Մենք չենք ասում ինքը վատ բժիշկ է, որ գրում են՝ ինքը լավնա, ինչի եք վարկաբեկում և այլն, գիտենք լավն է, հիմա էլ անունով բժիշկ է, բայց ինչի՞ են 5-6 ժամ պահել ու մահը չեն արձանագրել, էդքան ժամ տանջվել է, ինչի՞ կեսարյան հատում չեն արել, բժիշկը գիտեր, որ ինքն ալերգիա ուներ էդ դեղից, ինչի՞ մինչ ներարկումը չեն փորձել»։
Նա մի շարք խնդրիների մասին բարձրաձայնեց՝ նշելով նաև ոստիկանության անգործության և այլնի մասին։
Հովհաննես Հարությունյանի խոսքով, մահվան հաջորդ օրը ծննդկանի ամուսինը՝ Գրիգորը մոտեցել է բժշկին ու հարցրել՝ կինը երեխանին տեսե՞լ է, բժիշկն ասել է՝ հա, դրել ենք գրկին։
Թե մինչ հիմա մահվան դեպքերը ոնց են կոծկել, ինչու՞ այդ մարդկանց հարազատները հետևողական չենք եղել, չեն կարող ասել, բայց սա այդ դեպքը չէ և հարազատները գնալու ենք մինչև վերջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սեդայի եղբայրը՝ Սևակ Ասատրյանը։
«Թող գիտակցեն, թող էդ բժիշկը գիտակցի, ոչ իր դիպլոմատով փողերն են էս անգամ փրկելու, ոչ էլ»,-ասաց մահացած ծննդկանի եղբայրը։
«Բժիշկ Աշոտ Սիրունյանին ճանաչող, իր հետ գործ ունեցողներին որ հարցնեք, բոլորն էլ կասեն․ Գոքորենց մոտ (Սեդայի ամուսինը) ո՞նց էր, գալիս էին կոնսուլտացիայի, ասում էր էնքան զբաղված ա էդ մարդը, որ հարց ես տալիս, ոտքի վրա, արագ-արագ պատասխանում է։ Շատ հնարավոր է, որ էդ օրն էլ կարող էր մոռանար նայեր, լավ մասնագետ է, շատ զբաղված է, հնարավոր է, իր սխալի պատճառով է եղել»,-ասաց Սեդայի կնքահայր Հովհաննես Հարությունյանը։
Հովհաննեսի խոսքով, բժիշկն իրենց հետ խոսելիս ասել, փոշմանել է, ընդունել է իր սխալը, հետո ասել չէ՝ ճիշտ ենք արել, ոչ մի սխալ։
«Ուզում եմ բոլորը սթափվեն, դիստիպլինա մտցնեն, չեմ ուզում սենց ցավ ապրեն, չպիտի բժիշկը հոգնած լինի, հիվանդների քանակ պետք է լինի»,-ասաց 30-ամյա ծննդկան Սեդա Ասատրյանի ամուսինը՝ Գրիգոր Աբրահամյանը։
Փաստաբան Նարեկ Ալոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Սեդա Ասատրյանը ԲԿ-ում նախածննդյան հսկողության նպատակով հաշվառվել է 2020 թվականի փետրվարին։ «Հաշվառման ժամանակ նրա անձնական գործում՝ բժշկական քարտում հստակ, պարզ նշում է եղել այն մասին, որ նա «Ցևտրիաքսոն» դեղամիջոցից ունի ալերգիա, առաջացնում է անաֆիլաքսիա։ Նախնական պայմանավորվածության համաձայն, այսինքն նախորոշված օրվա ֆորսմաժորային, չնախատեսված ծննդաբերություն չի եղել, մոտեցել է ԲԺ, սկսել է բժշկական օգնության տրամադրման գործընթացը։ Բժշկական սպասարկամն ընթացքում կատարվել է ներարկում, որից առաջացել է ալերգիա, ինչի հետևանքով՝ անաֆիլաքսիա, ի վերջո՝ մահ։ Առաջին հարցադրումը, երբ անձը ԲԿ-ում հաշվառված է եղել փետրվար ամսից, ու կենտրոնի համապատասխան պաշտոնատար անձիք հստակ տեղյակ են եղել, որ նա հակաբիոտիկների նկատմամբ ունի ալերգիա, ինչու՞ անցնող ամիսների ընթացքում բժիշկների կողմից չեն որոշվել այն հակաբիոտիկները, որոնք որ ալերգիա չեն առաջացնում։ Արդյո՞ք սա անգործություն չէ, եթե անգործություն չէ՝ ակնկալում ենք իրավաչափ հիմնավորումները։ Երկրորդ՝ ի՞նչ հիմքով է կայացվել որոշում՝ «Ամպիցիլինի» ներարկում։ Ունենք առողջապահության նախարարի հրաման, որի համաձայն այդ դեղամիջոցը նույն խմբում է գտնվում, ինչ՝ «Ցևտրիաքսոնը»»,-ասաց փաստաբանը։
Նարեկ Ալոյանի խոսքով, իրենք միջնորդություն են ներկայացրել Աշոտ Սիրունյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ։
«Շենգավիթ» բժշկական կենտրոնը չի ընդունում, բացթողում չի եղել․ այս մասին ասաց «Շենգավիթ» բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի տեղակալ, մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Ռուսուդան Վարդանյանը։ Նա նշեց, որ ծննդաբերությունը եղել է բնական ճանապարհով։ Ինչ վերաբերում է Աշոտ Սիրունյանի աշխատանքին՝ նա նշեց, որ բժիշկն այժմ էլ շարունակում է իր գործունեությունը։
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարցուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 130-րդ հոդվածի 2-րդ մասի (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ) հատկանիշներով։
Մանրամասները՝ տեսանյութերում