Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Գառնիկ Վ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հունվարի 18-ին` ժամը 17-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի 3/7-36 հասցեում գտնվող իր բնակարանի ննջասենյակում մոր՝ Լ. Վարդանյանի կողմից կենսաթոշակի գումարներն ընտանիքի կարիքների համար չծախսելու պատճառով վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում դիտավորյալ հարվածներ է հասցրել նրա գլխին և մարմնի տարբեր մասերին՝ Լուսիկ Վ.-ի առողջությանը պատճառելով ծանր վնաս, ինչի հետևանքով Լ. Վարդանյանը 08.02.2012թ. մահացել է։
Գառնիկ Վ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Իսկ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 122-րդ հոդվածի` դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում՝նույն արարքը, որը կատարվել է անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net