Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի բնակիչ, 1975թ.-ին ծնված Արտակ Ոսկանյանը մինչև 2011 թվականը Խորհրդային Միության կարմիր անձանագիր ուներ: ՀՀ Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության Իջևանի բաժնի անձնագրային բաժանմունքը բազմիցս հրաժարվել էր այն փոխարինել ՀՀ քաղաքացու անձնագրով: Պատճառաբանել էին, թե Արտակ Ոսկանյանը զինվորական հաշվառում չունի:
Տավուշի հակակոռուպցիոն կենտրոնի (այն ժամանակ՝ ՇՊԱԿ) համակարգող Վահագն Թամրազյանը, տեղեկանալով խնդրի մասին, պատրաստակամություն էր հայտնել կենտրոնի միջոցով օգնել քաղաքացուն:
«Նա ինչ-ինչ պատճառներով դուրս էր մնացել զինվորական հաշվառումից, չէր եղել զինապարտ, չէր անցել զինվորական ծառայություն և չուներ համապատասխան զինվորական փաստաթղթեր: Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ 19 տարեկանում Արտակ Ոսկանյանը կամավոր ներկայացել է Իջևանի զինկոմիսարիատ իրեն հաշվառման վերցնելու նպատակով, սակայն պատասխանել են, թե իր անունը բացակայում է ցուցակներից և իրեն հետո կկանչեն»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Վահագն Թամրազյանը:
Արտակ Ոսկանյանի կինը՝ Լիլիթ Երգանյանը, Իրավաբան.net-ին պատմեց, որ ամուսինը զինվորական հաշվառման խնդրանքով պարբերաբար դիմել էր Իջևանի զինկոմիսարիատ: Պատասխանել էին, թե իր զինվորական հաշվառման հարցը կարող է լուծվել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի շրջանակներում` օրենքով սահմանված 1 մլն. 800 հազար ՀՀ դրամ վճարելու դեպքում:
«Ոչ ոք բացահայտ չէր ասի, թե այսքան գումար եմ ուզում քո գործն անելու համար: Կաշառք ուզելն էլ բացահայտ չի լինում: Բայց մենք իրենց սեղանին ոչինչ չէինք կարող դնել»,- նշեց Լիլիթ Երգանյանը:
Տավուշի հակակոռուպցիոն կենտրոնը բազմաթիվ դիմումներ էր գրել ՀՀ Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության Իջևանի բաժնի անձնագրային բաժանմունքին խնդրին լուծում տալու: Պատասխանը՝ մերժել:
«Եվ մենք որոշեցինք դատական կարգով լուծել այդ խնդիրը: Մեր կենտրոնի փաստաբանը՝ Արփինե Եղիկյանը, հայցադիմում ներկայացրեց Վարչական դատարան: Վարչական դատարանը պարտավորեցրեց ՀՀ Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության Իջևանի բաժնի անձնագրային բաժանմունքին Արտակ Ոսկանյանին ՀՀ քաղաքացու անձնագիր տալ»,- Իրավաբան.net-ին ասաց Վահանգն Թամրազյանը:
Սրանով ամեն ինչ չավարտվեց: ՀՀ Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության Իջևանի բաժնի անձնագրային բաժանմունք բողոքարկեց վճիռը և վճռի հրապարակման օր հայտարարվեց 10.05.2011թ..:
Սակայն մինչև դատարանի կողմից վճռի հրապարակումը Իջևանի զինկոմիսարիատի կողմից Ա. Ոսկանյանը վերցվեց զինվորական հաշվառման` առանց որևէ գումարի վճարման: Արտակ Ոսկանյանը ՀՀ քաղաքացու անձնագիր ստացավ, լուծեց իր վիրահատության խնդիրները (նրան առանց անձնագրի հիվանդանոց չէին ընդունել) ու հիմա աշխատում է:
Երկու երեխաների հայրն արդեն ՀՀ քաղաքացու անձնագիր և զինվորական գրքույկ ունի:
Հ.Գ. Եթե դարձել եք կոռուպցիայի զոհ, կարող եք դիմել Հակակոռուպցիոն կենտրոնների ազգային ցանցին: Այցելեք ք.Երևան 0010, Նալբանդյան 7, գրասենյակ 2, կամ զանգահարեք թեժ գծի անվճար հեռախոսահամարով` 080001110 կամ մուտք գործեք www.aac.am վեբ կայքը:
Սոնա Հարությունյան
Աղբյուրը` Իրավաբան.net