Այսօր՝ մարտի 18-ին, Մարիամ Գևորգյանի նախկին սկեսուրի դատավճիռը Վերաքննիչ քրեական դատարանը թողեց անփոփոխ: Գործով երեք դատավորներ Եվա Դարբինյանը, Սերգեյ Չիչոյանը և Գագիկ Ավետիսյանը մերժեցինք տուժողի և ամբաստանյալի վերաքննիչ բողոքները:
Հիշեցնենք, որ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը «հարսին ծեծած սկեսուրին»` Հայկանուշ Միքայելյանին, ճանաչել էր մեղավոր առաջադրված մեղադրանքներում և դատապարտել էր 4 տարի ժամկետով ազատազրկման: Դրան զուգահեռ դատարանը կիրառել էր համաներում և նշանակված պատժի չափը 1/3 –ով կրճատել էր, իսկ այնուհետև հանել ամբաստանյալի կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը: Տուժող Մարիամ Գևորգյանի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը՝ պատճառված վնասի փոխհատուցման պահանջը` 17 միլիոն 350 հազար ՀՀ դրամը, դատարանն ամբողջությամբ թողել էր առանց քննության և չէր բավարարել:
Մարիամ Գևորգյանը վերաքննիչ բողոքով դատարանից խնդրում էր առավելագույն պատիժ նշանակել սկեսուրին, ինչպես նաև բավարարել իրենց ներկայացրած քաղաքացիական հայցը:
Հայկանուշ Միքայելյանի պաշտպանն էլ իր վերաքննիչ բողոքով խնդրում էր բեկանել ու փոփոխել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և Հայկանուշ Միքայելյանին ազատ արձակել:
Մարիամ Գևորգյանի ներկայացուցիչ Նոնա Գալստյանը Իրավաբան.net-ին հայտնեց, որ ամենայն հավանականությամբ բողոքարկելու են դատավճիռը Վճռաբեկ դատարանում:
Աղբյուրը՝ Իրավաբան.net