Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) կողմից իրականացվող «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի իրազեկման շրջանակներում հուլիսի 13-ին առցանց բաց սեմինար իրականացվեց, որին ներկա էին ինչպես Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի և Եվրոպական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողները, այնպես նաև ՀՀ այլ տարբեր բուհերի ուսանողներ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը, ով մասնակիցներին ներկայացրեց «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի տասնամյակից ավելի կատարած աշխատանքը կոռուպցիայի դեմ պայքարում, ինչպես նաև մասնակիցներին հորդորեց մասնակցել ծրագրին, հարստացնել հակակոռուպցիոն գիտելիքները, արժեքային համակարգը:
«Ընդհանրապես կոռուպցիայի դեմ պայքարի համար մի քանհակակաոռի կարևոր հանգամանքներ են անհրաժեշտ․ առաջինը՝ քաղաքական բարձր կամքն է, երկրորդը՝ քաղաքացիների մասնակցությունն է կոռուպցիայի դեմ պայքարում և երրորդը՝ ինստիտուցիոնալ համակարգն է, կազմակերպական համակարգը, այսինքն այն գործիքները, որոնցով կարելի է պայքարել կոռուպցիայի դեմ»-նշել է Կարեն Զադոյանը:
Այնուհետև, ողջույնի խոսքով հանդես եկան Շիրակի և Լոռու մարզային ներկայացուցիչները, ովքեր ևս խրախուսեցին ուսանողների ներգրավվածությունը ծրագրին՝ հավաստիացնելով ծրագրի ընթացքում կարևորագույն գիտելիքների ձեռք բերման մասին:
Իրազեկման սեմինարի ընթացքում ԻՀԱ ներկայացուցիչ Մարիամ Զաքարյանը ներկայացրեց «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրն ու պատասխանեց ուսանողների հարցերին:
Մարիամ Զաքարյանը մասնակիցներին փոխանցեց նաև ծրագրին դիմելու հայտը՝ նշելով, որ վերջնաժամկետը սահմանված է մինչև օգոստոսի 1-ը, ժամը 23.59-ը:
Իրազեկման սեմինարին մասնակցում էին մեկ տասնյակից ավելի ուսանողներ, որոնց գերակշիռ մասն էին կազմում Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ուսանողները:
Հավելենք, որ «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը իրականացվում է Շվեդիայի կառավարության աջակցությամբ: