Մեզ հարկավոր է ամուր թիկունք. վարչապետը մեկ անգամ ևս կոչ է արել պահպանել հակահամաճարակային կանոնները

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այս գիշեր՝ ժամը 03։40-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ հատուկ ջոկատայինների կողմից ավելի քան 100 հոգու կազմով դիվերսիոն հարձակմանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է նաև Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին. «Հարգելի գործընկերներ, մինչ ՀՀ Զինված ուժերը բարձր մակարդակով կատարում են իրենց առաջ դրված խնդիրը մեզ հարկավոր է ամուր թիկունք և այս առումով ուզում եմ ցավով արձանագրել, որ մեր երկրում կորոնավիրուսի նոր դեպքեր են շարունակվում գրանցվել։ Երեկ գրանցվել է 554 դեպք՝ 2190 թեստերի ընդհանուր թվից։ Եվ ես այս համատեքստում կրկին ուզում եմ մեր հայրենակիցներին կոչ անել պահպանել հակահամաճարակային կանոնները, կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն, պարբերաբար ախտահանել ձեռքերը։ Վերջին շաբաթվա ընթացքում առողջապահական համակարգի լարվածությունը որոշակիորեն թուլացել է։ Եվ մենք վերլուծում ենք, որ այդ լարվածության թուլացումը կարող է կապված լինել միայն հակամահաճարակային գործողությունների, մասնավորապես՝ դիմակների կրման ծավալների ընդլայնման հետ: Ցավոք, ոչ բոլորն են մինչև այս պահը կրում դիմակներ, և մեր կոչն է՝ անպայման հետևել հակահամաճարակային կանոններին»:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսի տարածվածության վերաբերյալ ընթացիկ վիճակագրական տվյալները։ «Այո՛, դուք նշեցիք, որ, ցավոք սրտի, դեռ բացարձակ թվով բավական շատ դեպքեր են արձանագրվում, և 554-ն այն ցանկալի թիվը չէ, որ մենք ձգտում ենք ունենալ։ Սակայն, համեմատական անցկացնելով մոտավորապես 2 շաբաթվա վաղեմության թվերի և իրավիճակի հետ, պետք է արձանագրենք, որ առողջապահական համակարգի լարվածության, մահճակալների ազատ լինելու և մեր քաղաքացիներին արագ և պատշաճ բուժօգնություն տրամադրելու առումով ունենք էական առաջընթաց: Նաև թվի բացարձակ մեծ, բայց միևնույն ժամանակ կայուն լինելը՝ արդյունք է այն բոլոր հակամահաճարակային գործողությունների, որ կառավարությունն ու ազգաբնակչությունն իրականացնում են, հատկապես դիմակ կրելը և սոցիալական հեռավորություն պահպանելը։ 4 օր է, ինչ տանը սպասող որևէ քաղաքացի չունենք»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ ծայրահեղ ծանր և ծանր պացիենտների թիվը 650 է, որից 50-ը միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքին:

Արսեն Թորոսյանը նշել է, որ մահվան դեպքեր են արձանագրվում հիմնականում տարեց և քրոնիկական հիվանդություններ ունեցող քաղաքացիների մոտ. «Նրանց պաշտպանությանն առանձին ուշադրություն դարձնելը կրկին մեր բոլորի պարտքն է: Մենք պարտավոր ենք հատկապես նրանց պաշտպանել այս վարակից, որպեսզի չունենանք մահացության դեպքեր կամ առնվազն իջեցնենք դրանք»:

Նախարարը նշել է, որ շարունակելով գործողությունները և պահելով իրավիճակը կառավարելի՝ կարողանում են դիմագրավել մարտահրավերներին։ «Առնվազն չենք ունենում այնպիսի իրավիճակներ, երբ մենք դուրս կթողնենք որևէ քաղաքացու բուժօգնության տրամադրումից անկանխատեսելի հետևանքներով։ Հետևաբար, ես էլ կրկին կոչ եմ անում շարունակել պահպանել կանոնները, դա դարձնել առօրյայի մաս՝ չսպասելով ոստիկանության կամ այլ վերահսկողական մարմինների ստուգումներին։ Եվ այդ առօրյայով գնալ առաջ, ինչը մեր իսկ փորձով ապացուցվեց, որ աշխատում է։ Մենք միշտ հղում էինք անում միջազգային փորձին, տարբեր հետազոտություններին, բայց ինքներս էլ տեսնում ենք, որ դա աշխատում է։ Այս ծանր, բայց կայուն վիճակը շնորհիվ այդ միջոցառումների է, որ ունենք»,- ասել է Արսեն Թորոսյանը։

Վարչապետը ցավակցություն է հայտնել կորոնավիրուսից մահացած մեր հայրենակիցների հարազատներին, ընտանիքներին:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրել է ռմբակոծվող գյուղերում  ԱԻՆ-ի կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ մանրամանսեր: «Մեր ծառայողները ռմբակոծվող գյուղերում աշխատում են բնակչության հետ։ Հրդեհներ արդեն եղել են։ Մենք այդ գյուղերին ապահովում ենք հրշեջ մեքենաներով. անձնակազմը, ամեն ինչը կա: Բացի այդ, Երևանից լրացուցիչ ուժեր ենք ուղարկել, որոնք համապատասխան տեխնիկայով գտնվում են Բերդի տարածաշրջանում»,- ասել է նախարարը։

Կառավարության ղեկավարը հավելել է, որ երկու տեղում ունեցել են գյուղ մտնող գազամուղի խողովակի վնասում, այսօր գիշերն էլ է այդպիսի դեպք եղել, բայց հրդեհն արագ մարվել է. «Հույս ունենք, որ հնարավորինս արագ ենթակառուցվածքը կվերականգնվի»։

Անդրադառնալով դեպքերի վերաբերյալ շրջանառվող լուրերին՝ վարչապետը նշել է, որ մեր հանրության մեդիագրագիտությունը մեծ տեմպերով զարգանում է, և քաղաքացիներն ավելի ու ավելի են կարողանում տարբերել տեղեկատվությունը ապատեղեկատվությունից: «Կարծում եմ՝ նաև հանրային հակազդեցության միջոցներն ամենաարդյունավետն են: Իհարկե, պետք է քննարկենք, թե ազգային անվտանգության տեսակետից ինչ մարտահրավերներ են առաջանում, այդպիսի վերլուծական աշխատանք արվում է: Եվ պետք է տեսնել, թե ինչ քայլեր կան, որ կառավարությունը կարող է կամ պիտի ձեռնարկի այս առումով, իհարկե, առանց մեզ համար սկզբունքային գծերն անցնելու, որովհետև խոսքի ազատությունը, ժողովրդավարությունը առանցքային արժեքներ են: Ինչը, իհարկե, չի նշանակում, որ պետք է անտեսենք կամ չնկատելու տանք ազգային անվտանգության սպառնալիքները և պետք է հրաժարվենք դրանց հակազդելուց ու կառավարելուց: Ես ուզում եմ արձանագրել, որ կիրակի օրվանից մենք հսկայական հանրային հակազդեցության ալիք ենք տեսնում, և կարծում եմ՝ այդ ալիքը շատ արդյունավետ է, ինչն օգնում է նաև մարդկանց մեդիագրագիտության մակարդակի բարձրացման առումով:

Մենք պետք է խնդիրը հասկանանք, և ուզում եմ պարզաբանել՝ ինչ նկատի ունեմ ազգային անվտանգության մարտահրավեր ասելով: Այսօր կան կեղծ օգտատերեր, կեղծ տեղեկատվություն տարածելու հնարավորություններ: Իսկ համոզվա՞ծ ենք արդյոք, որ այդ բոլոր կեղծ տեղեկատվությունների հեղինակները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են կամ ընդհանրապես քաղաքացիներ են: Երբ ասում եմ ազգային անվտանգության հարցեր՝ սա նկատի ունեմ, որովհետև սա կարող է օգտագործվել օտարերկրյա կազմակերպությունների, անձանց կամ ծառայություններ կողմից: Սա շատ լուրջ մարտահրավեր է, որով մեր պատկան մարմինները զբաղվում են, բայց այդ աշխատանքը հրապարակային քննարկման հարց չէ»,- ասել է վարչապետը:

Մշակվել են կապիտալ շուկայի զարգացման համապարփակ ռազմավարական ուղղությունները

Կառավարությունը հաստատել է Կապիտալ շուկայի զարգացման ծրագիրը, որի նպատակը ներդնել կապիտալի շուկայի այնպիսի գործիքներ, որոնք կապահովեն երկրում ձևավորված խնայողությունների ներդրումը տնտեսության իրական հատվածում, թույլ կտան բնակչությանը մասնակցել երկրում իրականացվող ներդրումային ծրագրերին և ստանալ դրանցից եկամուտներ, որի շնորհիվ կապահովեն նաև տնտեսության ֆինանսավորման նոր գործիքների զարգացումը։ Փաստաթղթով ներկայացվում է կապիտալի շուկայի զարգացման համապարփակ ռազմավարական ուղղությունները, որը համախմբում է շուկայի վերլուծության արդյունքում բացահայտված խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներն ու գործողություները, դրանց ակնկալվող արդյունքը, հիմնական պատասխանատու կառույցները և կատարման ժամկետները:

Հիմնավորման համաձայն՝ 2019թ. ընթացքում Հայաստանի ֆոնդային բորսայում  կորպորատիվ արժեթղթերով և ՀՀ պետական պարտատոմսերով առուվաճառքի գործարքների ծավալը կազմել է 100 մլրդ դրամ, իսկ բորսայից դուրս՝ մոտ 900 մլրդ դրամ: Երկրորդային շրջանառության գերակշիռ մասը կազմել է ՀՀ պետական արժեթղթերով առևտուրը: Զարգացած կապիտալի շուկայի և բարդ գործիքների բացակայությունը սահմանափակում է տնտեսվարող սուբյեկտների՝ իրենց արժութային, տոկոսային և այլ ռիսկերի կառավարման հնարավորությունները: Սա թույլ չի տալիս արդյունավետորեն բաշխել ռիսկե րը տնտեսության տարբեր հատվածների միջև՝ հիմնական վարկային ռիսկերը թողնելով բանկային համակարգի վրա:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ ծրագրով առաջարկվող նախագիծը բաղկացած է 2 մասից՝ ՀՀ-ում կապիտալի շուկայի դիագնոստիկ վերլուծությունից և դրանց վրա կառուցված գործողությունների ծրագրից: Նախարարի կարծիքով՝ ծրագրի հաստատմամբ շուկան կստանա զարգացման էապես բարելավված միջավայր, տեղի կունենան այնպիսի գործիքների ներդրում, որոնք կապահովեն ձևավորվող խնայողությունների ներդրումը տնտեսության իրական հատվածում:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է կապիտալ շուկայի զարգացման կարևորությունը և նշել, որ արդեն երկար ժամանակ ՀՀ-ում քաղաքացիները, եթե բիզնես չեն անում, իրենց խնայողությունները ներդնելու մեկ տեղ ունեն՝ բանկային համակարգում: «Բիզնեսը նույպես Հայաստանի Հանրապետությունում ֆինանսավորման մի տեղ ունի. դա նույնպես բանկային համակարգն է: Դա շատ լավ է, և կարևոր է, որ մեր երկրում բանկային համակարգը կայացած է, սակայն կարծում եմ՝ վաղուց հասունացել է այն պահը, բանկային համակարգն այնքան է զարգացել, որ մենք այս շուկայի զարգացման երկրորդ փուլ պետք է մտնենք: Մեր քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան ոչ միայն բանկերում ուղղակի ավանդներ դնել, այլ նաև շուկայից, բորսայից գնել ընկերությունների բաժնետոմսեր, նայել, գնահատել ամենամեծ պոտենցիալ ունեցող ընկերությունները և այդ շուկայում անել ներդրումներ, ինչը ոչ միայն նրանց համար ներդրումներ և եկամուտներ ունենալու լավ հնարավորություն է, այլև հնարավորություն է ընկերությունների համար ֆինանսավորում ներգրավելու ոչ միայն բանկային համակարգից, այլև քաղաքացիներից»:

Վարչապետը նշել է, որ կառավարությունն այս ուղղությամբ նույնպես աշխատանք է տանում. աշխատում է պոտենցիալ ունեցող ընկերությունների հետ՝ օգնելով բարձրացնել նրանց թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: «Տնտեսական հեղափոխության կարևոր կոմպոնենտներից մեկը սա է : Եթե երկրում ռեալ ֆոնդային շուկա ձևավորվի, կարող ենք համարել, որ տնտեսական հեղափոխության ամենակարևոր արտահայտությունն է: Այնպես որ, մենք ամեն ինչ պետք է անենք դրա համար: Այս ընթացքում հսկայական աշխատանք է արվել, և ես գրեթե համոզված եմ, որ մենք այդտեղ արդյունքներ ունենալու ենք», -ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կկատարելագործվի հայտարարագրման ինստիտուտը` ապահովելով հայտարարատու պաշտոնատար անձանց գործունեության թափանցիկությունը

Գործադիրը հավանություն է տվել «Հանրային ծառայության մասին» և հարակից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինգածերով նախատեսվող փոփոխությամբ ակնկալվում է կատարելագործել հայտարարագրման ինստիտուտը, ինչը հնարավորություն կտա ապահովել հայտարարատու պաշտոնատար անձանց գործունեության թափանցիկությունը: Հայտարարագրման ենթակա տեղեկատվության, հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց վերանայված շրջանակն ապահովելու է հայտարարատու պաշտոնատար անձի գույքային դրության վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, ինչը հնարավոր խախտումների բացահայտման արդյունավետ գործիք է: Մասնավորապես, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համապատասխան գլխում նախատեսվում է իրականացնել մի շարք փոփոխություններ: Նախագծով վերանայվել է հայտարարատու պաշտոնատար անձանց ցանկը: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով հայտարարագրերի ստուգման և վերլուծության գործընթացով պայմանավորված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ծանրաբեռնվածություն՝ առավել նպատակահարմար է այս փուլում համայնքի ավագանու անդամների համար հայտարարագրման պարտականություն սահմանելիս որպես չափորոշիչ սահմանել 15 000 և ավելի բնակչություն ունենալու հանգամանքը: Նախագծով առաջարկվում է սահմանել պաշտոնատար անձի կողմից փաստացի տիրապետվող անշարժ գույքը, տրանսպորտային միջոցները, թանկարժեք գույքը հայտարարագրելու պահանջ, ինչը հնարավորություն կտա հայտարարագրման վերաբերյալ վերոնշված խնդիրները լուծել: Առաջարկվում է ընդլայնել նաև գույքի հայտարարագրման ժամանակ ներկայացվող տեղեկատվության շրջանակը: Տեղեկատվությո ւն է ներկայացվում նաև անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի, արժեթղթերի ձեռքբերման գործարքի արժեքի, գործարքի մյուս կողմի վերաբերյալ, ինչպես նաև սահմանվել է բանկային ավանդի և բանկային հաշվի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ներկայացնելու պահանջ: Առաջարկվում է նվազեցնել օրենքով սահմանված թանկարժեք գույքի դրամական շեմը, ներդնել ծախսերի հայտարարագրման ինստիտուտ, սահմանել հայտարարագրման ենթակա ծախսերի տեսակները և ծախսերի վերաբերյալ ներկայացվող տեղեկատվության շրջանակը: Դրա շնորհիվ լիազոր մարմինը հնարավորություն կունենա ստանալու ամբողջական տեղեկատվություն հայտարարատու պաշտոնատար անձի գույքային դրության վերաբերյալ և կնպաստի հնարավոր խախտումների բացահայտմանը: Առաջարկվում է տարանջատել հայտարարագրման ենթակա եկամուտների որոշ տեսակներ, մասնավորապես՝ ստացված վարկերը և փոխառությունները: Սա պայմանավորված է նշված երկու եկամուտների տեսակների բովանդակային տարբերությամբ: Միաժամանակ հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականությունների դադարեցումից հետո կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով առաջարկվում է ներդնել մեխանիզմ, որի համաձայն հաջորդող 2 տարվա ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հնարավորություն կունենա անձից գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագիր պահանջելու: Նախագծով առաջարկվում է նաև սահմանել նորմ, առ այն, որ հայտարարատու պաշտոնատար անձը, նրա ընտանիքի անդամը հանձնված և չհրապարակված հայտարարագրում իրենց հայտնաբերած անհամապատասխանությունը վերացնելու նպատակով հայտարարագիրը հանձնելուց հետո չորսօրյա ժամկետում հայտարարագրում ուղղում կատարելու հնարավորություն կունենան: Նախագծով թեկնածուներին հնարավորություն է ընձեռվել ներգրավվելու բարեվարքությա ն ստուգման գործընթացին: Հանձնաժողովին վերապահվել է թեկնածուից պարզաբանումներ պահանջելու և ստանալու իրավազորություն, ինչպես նաև սահմանվել է, թե ինչ է ներառում քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրությունը՝ պրակտիկ խնդիրներից խուսափելու նպատակով:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ այս բարեփոխումների արդյունքում ունենալու ենք աշխարհում ամենաառաջադեմ հայտարարագրման համակարգ, որը կոռուպցիայի կանխարգելման և նաև կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման տեսանկյունից մեծ կարևորություն է ունենալու:

Թեմայի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ոչ մի տարօրինակ բան չկա նրանում, որ մենք հիմա ուզում ենք հայտարարագրման այնպիսի համակարգ ներդնել, որը, ինչպես դուք նկատեցիք, ամենաառաջադեմն է: Այսինքն՝ ամենաբարձր նշաձողն է սահմանում պետական պաշտոնյաների հայտարարագրման և թափանցիկության համար: Ինչու չկա տարօրինակ բան, որովհետև կառավարության ծրագրային կարևորագույն դրույթներից մեկը կոռուպցիայից զերծ երկիր ունենալն է: Վերջերս ընդունված Ազգային անվտանգության ռազմավարության մեջ կոռուպցիան դիտվում է որպես ազգային անվտանգության ամենամեծ մարտահրավերներից մեկը: Կոռուպցիայից զերծ հանրության և պետության, երկրի տեսլականն արձանագրված է նաև Ազգային անվտանգության ռազմավարության իմ ուղեձում: Եվ մենք, այո՛, այդպիսի բարձր նշաձողեր պետք է դնենք: Սա կարևորագույն ուղղություն է և կարևորագույն բարեփոխում»:

Վարչապետը նշել է, որ մինչև հիմա պետական պաշտոնյաները հայտարարագրում էին իրենց եկամուտները, ինչը լավ է, բայց՝ ոչ ամբողջական: «Առաջարկի կարևոր նորամուծությունների մեկն այն է, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաները պետք է իրենց ծախսերը նույնպես հայտարարագրեն: Ընդ որում, ոչ բոլոր ծախսերը, բնականաբար, ամեն հարյուր կամ հազար դրամը չի հայտարարագրվելու, դրա համար ծեմեր են դրված»,-ասել է կառավարության ղեկավարը:

Կառավարությունը շարունակում է ապահովել սուբվենցիոն ծրագրերի իրականացումը

Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում՝ համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովելու համար: Ըստ այդմ՝ առաջարկվում է ՀՀ մարզպետարաններին հատկացնել 2,646,243.5 ՀՀ դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ խոսքը վերաբերում է 2019-ին սկսված 83 համայնքի 106 սուբվենցիոն ծրագրի։ Հիմնավորման համաձայն՝ համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային հայտերը քննարկվել են միջգերատեսչական հանձնաժողովում և հավանության արժանացած ծրագրերի իրականացման համար համապատասխան համայնքները կազմակերպել են մրցույթներ։

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ այս տարվա համար 700 սուբվենցիոն ծրագիր կա: «Այս տարի սուբվենցիոն ծրագրերի աննախադեպ ծավալ ենք ունենալու: Եվ մենք պետք է համաֆինանսավորենք: Կարծում եմ՝ սուբվենցիոն ծրագրերը տարածքային համաչափ զարգացման ամենակարևոր ուղղություններից են»,-ասել է վարչապետը:

Սուրեն Պապիկյանը նշել է, որ այս տարի հաստատվել է 701 սուբվենցիոն ծրագիր՝ շուրջ 44 մլրդ դրամի, կառավարության համաֆինանսավորման բաժինը կազմում է 24 մլրդ դրամ:

Կբարելավվի Ոստիկանության զորքերի ծառայողների սննդի  կազմակերպման հարցը

Կառավարությունն ընդունել է «Անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու և գնման ընթացակարգ կազմակերպելու թույլտվության մասին» որոշում, որը պայմանավորված է ՀՀ ոստիկանության զորքերի ենթակայության ներքո գտնվող զորամասերի սննդի կազմակերպման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ: Որոշմամբ թույլատրվել է ՀՀ ոստիկանությանը ճաշարանային սննդի մատուցման ծառայությունների գնման գործընթացը կազմակերպել փակ նպատակային մրցույթով՝ երկու փուլով: Ոստիկանությանը հանձնված գույքը, որը գտնվում է Դավթաշեն 2-րդ թաղամասում, 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվի ծառայության գնման ընթացակարգի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը։ Այսպիսով, որոշմամբ նախատեսվում է զինծառայողների սննդի պատշաճ ապահովում ինչպես ՀՀ ոստիկանության զորքերի զորամասերի ճաշարաններում, այնպես էլ ՀՀ տարածաշրջանում զորավարժությունների և երթերի ընթացքում, ինչպես նաև զանգվածային միջոցառումների վայրերում:

Վարչապետի խոսքով՝ սա սննդի ծառայությունների արտապատվիրակման պրակտիկա է, որն արդարացնում է իրեն: «Սակայն դա չի նշանակում, որ այն անթերի է, և որպեսզի համակարգն ինստիտուցիոնալ, ամբողջական կայանա մենք պետք է շարունակենք բարելավվել այն բոլոր ուղղություններով: Պաշտպանության նախարարությունից հետո ոստիկանությունը քայլ է անում այդ ուղղությամբ, որը կարծում եմ՝ շատ կարևոր է»,- ասել է կառավարության ղեկավարը:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ տեղեկացրել է, որ այդ գործընթացը ՔԿՀ-ներում ավարտվել է և սննդի ծառայությունների մատուցման այդ համակարգից օգտվելու ցուցանիշը կազմում է 100 տոկոս։

Այլ որոշումներ. արտոնություն է տրամադրվել կարագի արտադրությամբ զբաղվող ընկերությանը

Կառավարության որոշմամբ «ԱԱ տրանզիտ» ՍՊԸ-ն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող հումքն օգտագործելու է կարագի արտադրության համար (ք. Գյումրի)՝ իրականացնելով 30 մլրդ դրամի ներդրում: Ներկայումս առկա է 1 աշխատատեղ, կստեղծվի ևս 50 նոր աշխատատեղ` 120,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 45 մլրդ դրամ, որից 10 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 30 մլրդ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 5 մլրդ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 30.5 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում 4.5 մլրդ դրամ:

Գործադիրը հավանություն է տվել «Ինժեներական քաղաք» ներդրումային ծրագրին: «Ինժեներական քաղաք»-ի ստեղծման նպատակով անհրաժեշտություն է առաջացել նաև կարգավորել ծրագրի մասնակից համապատասխան կազմակերպություններին հողամասի հատկացման և դրա հետագա նպատակային օգտագործման ապահովման հարցը: Ըստ այդմ՝ սահմանվում է Ինժեներական քաղաքում հողամասերի անհատույց գործարքի՝ նվիրաբերության միջոցով սեփականության իրավունքով ինժեներական և բարձր տեխնոլոգիական ընկերություններին կամ ոլորտի ինովացիոն կենտրոններին, աքսելերատորներին, ինկուբատորներին փոխանցելու կարգը և պայմանները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել