Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․
«Չինարի բնակավայրի արկակոծությունը ստեղծված իրադրությանը նոր սրություն է հաղորդում: Ընդ որում՝ ժամանակային առումով, այս ամենին նախորդել է Ադրբեջանում կայացած անվտանգության խորհրդի նիստը, որտեղ Ադրբեջանի նախագահը խոստացել է «վրեժ լուծել»:
Ադրբեջանից հնչող սպառնալիքներին զուգահեռ, սոցցանցերի ադրբեջանական տիրույթում շարունակվում է ակտիվ քննարկվել Ադրբեջանին հասցված կորուստների թեման:
Որքան էլ Ադրբեջանը ձգտում է թաքցնել կորուստների, վիրավորների, տեխնիկական միջոցների ոչնչացման թեման, մեկ է՝ այն տարբեր հարթակներում լայն քննարկման առարկա է դարձել»։
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտարարաություն էր տարածել այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը 82 մմ տրամաչափի ականանետից յոթ արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Տուժածներ չկան, վնասվել է բնակելի տներից մեկի տանիքը։ «Քիչ առաջ ադրբեջանական զինված ուժերը 120մմ տրամաչափի ականանետից երեք արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Արկերից մեկը ընկել է տան վրա, երկուսը՝ բակում։ Տուժածներ չկան»,-հավելել է նա։