ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Հայկ Եղիազարյանի՝ 15.062.930 ՀՀ դրամ տուգանքի գումարը բռնագանձելու պահանջի մասին։
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն, դիմելով դատարան, հայտնել է, որ 2012թ. փետրվարի 20-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ ակցիզային հարկով հարկվող ապրանքների մանագիտացված մաքսատան աշխատակիցները ուսումնասիրության են ենթարկել «Սարգիս Կարոլինա» ՍՊ ընկերության լիազոր անձ Հայկ Եղիազարյանի կողմից 20.02.2012թ. ԱՀՀԱՄ մաքսատան պետին հասցեագրված՝ 13.02.2012թ. թիվ C-648 ԲՄՀ-ն անվավեր ճանաչելու խնդրանքով դիմումն ու կից փաստաթղթերը, և պարզել, որ վրացական կազմակերպության կողմից 02.02.2012թ. թիվ 2 հաշիվ-ապրանքագրով «Սարգիս-Կարոլինա» ՍՊ ընկերության անվամբ առաքված Ռուսաստանի Դաշնության ծագման, սակայն Վրաստանի Հանրապետությունից արտահանված 432 լիտր 100%-ոց սպիրտի վերահաշվարկով «Բելուգա» տեսակի օղիների մաքսային ձևակերպումները 13.02.2012թ. ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատան թիվ C-648 ԲՄՀ-ով իրականացնելիս «Սարգիս Կարոլինա» ՍՊ ընկերության լիազոր անձ Հայկ Եղիազարյանը, հիմք ընդունելով Վրաստանի Հանրապետության էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության կողմից 10.02.2012թ. տրված թիվ GEO-2012 01/000178 ծագման երկրի հավաստագիրը, ԱԱՀ-ի 20% դրույքաչափով, ակցիզային հարկով և մաքսատուրքի հատուկ դրույքաչափով՝ 1 լիտր 100%-ոց սպիրտի վերահաշվարկով օղու դիմաց 380 դրամ գումարով հարկվող «Բելուգա» տեսակի օղիների համար կիրառել է 164.160 դրամ մաքսատուրքի գումարի վճարումից ազատման արտոնություն,:
Հայկ Եղազիարյանն իր կողմից հայտնաբերված սխալն ուղղելու և թիվ 648 ԲՄՀ-ն անվավեր ճանաչելու համար 20.02.2012թ. գրավոր դիմում է ներկայացրել ԱՀՀԱՄ մաքսատան պետին, ինչի կապակցությամբ նույն օրը իր նկատմամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն և սկսվել է վարչական վարույթ։
Համաձայն 20.02.2012թ-ի մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրության՝ հիմք ընդունելով «Սարգիս Կարոլինա» ՍՊԸ-ի լ/ն Հայկ Եղազիարյանի դիմումը վերոհիշյալ կազմակերպությունը Վրաստանի Հանրապետությունից ՀՀ է ներմուծել ռուսական արտադրության «Բելուգա» անվանումով օղիներ և 13.02.2012թ-ին C-648 առ 13.02.2012 թ. ԲՄՀ-ով կատարել է մաքսային ձևակերպում՝ կիրառելով մաքսատուրքի արտոնություն՝ հաշվի առնելով ապրանքի ռուսական ծագումը։ Համակարգչի կողմից ընտրվել է կանաչ ուղի ընթացակարգ։ Սակայն նկատելով իր սխալը 20.02.2012թ-ին դիմել է ԱՀՀԱՄ Մաքսատուն, որպեսզի ԲՄՀ-ն ճանաչվի անվավեր և թույլ տրվի բեռը ձևակերպել առանց մաքսատուրքի արտոնության։
23.04.2012թ-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչության պետի կողմից կայացվել է որոշում վարչական տույժ նշանակելու մասին, որի համաձայն որոշվել է Հայկ Եղիազարյանին ճանաչել զանցառու ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով և նրան տուգանել մաքսատուրքի գումարի վճարումից ազատման արտոնության վերաբերյալ ոչ ճշգրիտ տեղեկություններով հայտարարագրված 432 լիտր 100 %-ոց սպիրտի վերահաշվարկով «Белуга золотая линия», «Белуга Трансатлантик», « Белуга 0.7л» «Белуга 1.0л» տեսակի օղիների մաքսային արժեքի չափով՝ 15.062.930 դրամ։
Դատարանի վերլուծությամբ՝ սույն վարչական գործով վարչական մարմինը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համապատասխան ապրանքները սխալ հայատարարագրելու հարցում առկա է եղել պատասխանողի մեղքը, 23.04.2012թ-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչության պետի կողմից կայացվել է որոշում վարչական տույժ նշանակելու մասին, որի համաձայն որոշվել է Հայկ Եղիազարյանը ճանաչել զանցառու ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով և նրան տուգանել մաքսատուրքի գումարի վճարումից ազատման արտոնության վերաբերյալ ոչ ճշգրիտ տեղեկություններով հայտարարագրված 432 լիտր 100 %-ոց սպիրտի վերահաշվարկով «Белуга золотая линия», «Белуга Трансатлантик», «Белуга 0.7л» «Белуга 1.0л» տեսակի օղիների մաքսային արժեքի չափով՝ 15.062.930 դրամ։
Սույն գործով դատարանը վճռեսց ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հայցն ընդդեմ Հայկ Եղիազարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, բավարարել։ Հայկ Եղիազարյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել` որպես վարչական տուգանքի գումար 15.062.930 (տասնհինգ միլիոն վաթսուներկու հազար ինը հարյուր երեսուն) ՀՀ դրամ։
Ներկայումս սույն գործի քննությունը, Հայկ Եղիազարյանի վերաքննիչ բողոքի հիման վրա, շարունակվում է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում:
Աղբյուրը` Իրավաբան.net