Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Սուրեն Ն.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զինվորական ծառայության մեջ գտնվելով ՀՀ ՊՆ X զորամասում, որպես գնդացրորդ, կոչումով շարքային 14.12.13.թ. խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքը, զորամասի պահակատան ծխարանում բռնություն է գործադրել համածառայող Գևորգ Դ.-ի նկատմամբ` նրա առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշեր չպարունակող մարմնական վնասվածք:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:
Իսկ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով՝պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net