Գյումրու բնակիչ Լ.Հակոբյանը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի` Գյումրու քաղաքապետարանի կողմից 02.03.2012թ.-ին կազմված թիվ 403-Ա վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Դիմելով դատարան՝ հայցվոր Լ.Հակոբյանը հայտնել է, որ 20.08.2011թ.-ին նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի համաձայն Ս.Մարտիրոսյանից և Ա.Պողոսյանից գնել է Տիգրան Մեծ փողոցի 8 շենքի թիվ 21/1 բնակարանը։ Նշված առուվաճառքը պետական գրանցում է ստացել 24.08.2011թ.-ին։ Հազար հինգ հարյուր ԱՄՆ դոլարին համարժեք դրամ գումար վճարելով նրանցից գնել է նաև նույն շենքի բակում գտնվող քարաշեն ավտոտնակը: Մինչև բնակարանի առուվաճառքի օրինականացումը 03.09.2010թ.-ին գրավոր դիմել է Գյումրու քաղաքապետին Տիգրան Մեծ փողոցի 8 շենքի թիվ 21 հասցեում գտնվող ապօրինի շինությունը, այն է՝ ավտոտնակը օրինականացնելու խնդրանքով։ Համոզվելով, որ դիմումին տրվելու է դրական ընթացք, գնել է վերը նշված բնակարանը։ Այնուհետև 08.11.2010թ.-ին և 14.12.2010թ.-ին կատարել է մուծումներ, չափագրումների իրականացման համար։ 20.04.2011թ.-ին Գյումրու քաղաքապետի թիվ 1514-Ա որոշման համաձայն Տիգրան Մեծ փողոցի հարևանությամբ, համայնքապատկան հողամասում ինքնակամ կառուցված ավտոտնակը 31.42քմ մակերեսով, կառուցապատված հողամասով կառույցը համայնքային սեփականություն գրանցելու համար հասցեավորել է Մատնիշյան փողոց թիվ 44/4 հասցեով։
Ըստ գործով ձեռք բերված ապացույցների՝ Գյումրի քաղաքի Ս.Մատնիշյան փողոցի թիվ 44/4 հասցեում գտնվող 31.42 քմ մակերեսով կառույցը ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման համաձայն ենթարկվել է պետական գրանցման, որպես համայնքային սեփականություն և Գյումրու քաղաքապետի 27.12.2011 թվականի թիվ 5281-Ա որոշմամբ որոշվել է ուղղակի վաճառքի միջոցով օտարել տվյալ կառույցն իրականացրած քաղաքացի Լ.Հակոբյանին։
Հետագայում պարզվել է, որ կառույցը Լ.Հակոբյանի կողմից չի իրականացվել, իսկ ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 33-րդ կետի զ) ենթակետի համաձայն` կառույցը գնելու նախապատվություն ունի տվյալ կառույցն իրականացրած անձը։ Հաշվի առնելով նշված հանգամանքները Գյումրու քաղաքապետը 02.03.2012 թվականի թիվ 403-Ա որոշմամբ չեղյալ է համարել Գյումրի քաղաքի Ս.Մատնիշյան փողոցի թիվ 44/4 հասցեում գտնվող 31.42 քմ մակերեսով կառուցապատ հողամասը քաղաքացի Լ.Հակոբյանին ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին քաղաքապետի 27.12.2011 թվականի թիվ 5281-Ա որոշումը, որպեսզի որոշումը դատարանը գտել է, որ իրավաչափ է:
Դատարանը վճռեց Լ.Հակոբյանի հայցն ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի` Գյումրու քաղաքապետի 02.03.2012 թվականի թիվ 403-Ա վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժել:
Աղբյուրը` Իրավաբան.net