Քրեական գործով վարույթում մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել և որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել`
1) բռնությամբ, սպառնալիքով, խաբեությամբ, անձին ծաղրի ենթարկելով, ինչպես նաև այլ անօրինական գործողություններով.
2) կասկածյալի և մեղադրյալի պաշտպանության իրավունքի, դատավարության լեզվին չտիրապետող անձանց իրավունքների` սույն օրենսգրքով նախատեսված լրացուցիչ երաշխիքների էական խախտմամբ.
21) վկայի՝ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված իրավունքների խախտմամբ.
3) տվյալ քրեական գործով քրեական դատավարություն իրականացնելու, համապատասխան քննչական կամ այլ դատավարական գործողություն կատարելու իրավունք չունեցող անձի կողմից.
4) բացարկման ենթակա անձի մասնակցությամբ, եթե նա իմացել է կամ պետք է իմանար քրեական գործով վարույթին իր մասնակցությունը բացառող հանգամանքների առկայության մասին.
5) քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման կարգի էական խախտմամբ.
6) այն անձից, որն ունակ չէ ճանաչել փաստաթուղթը կամ այլ առարկան, հաստատել դրա իսկությունը, հայտնել դրա առաջացման և ստացման հանգամանքների մասին.
7) անհայտ կամ դատական նիստում չբացահայտվող աղբյուրից.
8) ժամանակակից գիտական պատկերացումներին հակասող մեթոդների կիրառման արդյունքում:
Ապացույցներ ձեռք բերելիս էական են այն խախտումները, որոնք, դրսևորվելով մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների և ազատությունների կամ Քրեական դատավարության օրենսգրքի որևէ պահանջի խախտմամբ, դատավարության մասնակիցներին` օրենքով երաշխավորված իրավունքների զրկմամբ կամ սահմանափակմամբ կամ որևէ այլ կերպ ազդել են կամ կարող էին ազդել ստացված փաստական տվյալների հավաստիության վրա:
Մեղադրանքի կողմի թույլ տված քրեադատավարական օրենքի պահանջների խախտման հետևանքով ապացուցողական նշանակությունը կորցնելու ենթակա նյութը պաշտպանության կողմի միջնորդությամբ կարող է թույլատրվել որպես ապացույց: Այդպիսի ապացույցը թույլատրվում է միայն համապատասխան կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ:
Փաստական տվյալների` որպես ապացույց օգտագործման անթույլատրելիությունը, ինչպես նաև վարույթում դրանց սահմանափակ օգտագործման հնարավորությունը հաստատում է վարույթն իրականացնող մարմինը` սեփական նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ:
Ապացույցի թույլատրելիությունը հիմնավորելու պարտականությունն ընկած է այն ձեռք բերող կողմի վրա: Եթե ապացույցը ձեռք բերելիս պահպանվել են Քրեական դատավարության օրենսգրքի բոլոր պահանջները, ապացույցի անթույլատրելիությունը հիմնավորելու պարտականությունը կրում է դրա թույլատրելիությունը վիճարկող կողմը:
Աղբյուրը` Իրավաբան.net